Վերաֆինանսավորման տոկոսադրույքը «մոտ է առավելագույնին», կարծում է ՀԲՄ ղեկավարը
13.05.2010 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Այս տարվա առաջին եռամսյակը հաջողված էր ՀՀ բանկային համակարգի համար, այսօր ասել է Հայաստանի բանկերի միության /ՀԲՄ/ նախագահ Արարատ Ղուկասյանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արարատ Ղուկասյանն ասել է, որ առաջին եռամսյակում բանկային հատվածն աճ է արձանագրել է բոլոր հիմնական ցուցանիշներով, տեղի է ունեցել բանկերի վարկային պորտֆելի լուրջ բարելավում, կայունացել է պահանջարկը տարբեր վարկային գործիքների նկատմամբ:
«Երկրի բանկային համակարգի ակտիվները նախորդ եռամսյակի համեմատ ավելացել են 5,36%-ով, կամ 72 մլրդ դրամով` կազմելով 1 տրլն 418 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգի ակտիվների աճը կազմել է 24%: Նախորդ եռամսյակի համեմատ վարկային ներդրումների աճը կազմել է 7,42%, կամ 54 մլրդ դրամ: ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 777 մլրդ դրամ` 2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 19,44%-ով»,- ասել է Արարատ Ղուկասյանը:
ԱՔՌԱ վարկային բյուրոյի տվյալների համաձայն, ՀՀ բանկերի կողմից առաջին եռամսյակում տրամադրվել է ավելի քան 150 հազար վարկ, որոնց մեծ մասը` սպառողական:
ՀԲՄ ղեկավարի խոսքերով, բանկային համակարգի ընդհանուր կապիտալի աճը նախորդ եռամսյակի համեմատ կազմել է 3%, առաջին եռամսյակում բանկային համակարգի շահույթը կազմել է 6,7 մլրդ դրամ, իսկ պետբյուջե կատարած վճարումների ծավալը` 4,4 մլրդ դրամ:
«Բանկային համակարգի պարտավորությունների աճը նախորդ եռամսյակի համեմատ կազմել է 5,35%, իսկ 2009թ. առաջին եռամսյակի համեմատ պարտավորությունների աճը կազմել է 25%: Միաժամանակ, հաճախորդների նկատմամբ բանկերի պարտավորությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 34,91%-ով»,- ասել է Արարատ Ղուկասյանը:
ՀԲՄ ղեկավարը նշել է, որ բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճին զուգընթաց` տեղի է ունենում ժամկետանց վարկերի տեսակարար կշռի նվազում, եւ եթե նախորդ տարեվերջին ժամկետանց պարտավորությունները կազմում էին համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 8-10%-ը, ապա առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 5%:
Արարատ Ղուկասյանի խոսքերով, բանկերի եւ հաճախորդների միջեւ դատական վեճերի թիվը բոլոր վարկային գործարքների թվի համեմատ չի գերազանցում 1%-ը ողջ համակարգում: «Նկատելի է նաեւ դատական վեճերի կրճատման միտում. հայցերի մեծամասնությունը ետ է կանչվում բանկի եւ հաճախորդի միջեւ փոխադարձ պայմանավորվածությունների ձեռք բերման արդյունքում»,- ասել է ՀԲՄ ղեկավարը:
Նա նշել է, որ Հայաստանում բանկային տոկոսադրույքներն առաջին եռամսյակում նվազել են միջինը 2 տոկոսային կետով: «Սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է տարեկան 20%, բիզնես-վարկերինը` 16%, իսկ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները կազմում են միջինը 14%»,- ասել է Արարատ Ղուկասյանը:
Նա ասել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը բակերի տոկոսային քաղաքականության վրա անդրադարձել է ոչ միանգամից, եւ դրամավարկային քաղաքականության խստացման արդյունքները տեսանելի կլենեն ավելի ուշ: Միաժամանակ, ՀԲՄ ղեկավարը կարծիք է հայտնել, որ ԿԲ կողմից վերջերս սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,25%, «մոտ է առավելագույնին եւ, հավանաբար, կպահպանվի մինչեւ այս տարեվերջ»:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: