Երեւան/Մեդիամաքս/. Շուտով ՀՀ կառավարություն կներկայացվի հիփոթեքային վարկավորման ընթացակարգերի պարզեցման օրենսդրական առաջարկությունների փաթեթը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի զարգացման բաժնի վարիչ Աննա Վարդիկյանը` մայիսի 3-ին հանդես գալով ՀՀ հիփոթեքային շուկայի մասնակիցների միության տարեկան ժողովում: «Օրինագծերում առաջարկվում են անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքները հիփոթեքային պայմանագրերով փոխանցելու ընթացքում անշարժ գույքի պետական կադաստրում ծագող դժվարությունների լուծման ուղիներ»,- ասել է Աննա Վարդիկյանը: Հիփոթեքային պայմանագրերի կնքման փաստաթղթաշրջանառությունը նախատեսվում է անցկացնել էլեկտրոնային եղանակով, ինչի արդյունքում կկրճատվեն գործարքային ծախսերը եւ դրանց կնքման ժամկետները: Աննա Վարդիկյանը նշել է, որ դա կարեւոր քայլ կդառնա հիփոթեքային պայմանագրերի արժեթղթավորման ճանապարհին: ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը, խոսելով 2009թ. հիփոթեքային վարկավորման շուկայի նվաճումների մասին, ասել է, որ ճգնաժամի եւ տնտեսության վարկավորման կրճատման պայմաններում բեկումնային էր «Ազգային հիփոթեքային ընկերության» /ԱՀԸ/ ի հայտ գալը: «Դա զգալիորեն ակտիվացրեց հիփոթեքային շուկան. 2010թ. առաջին եռամսյակում ԱՀԸ պորտֆելն ավելացավ 1,2 մլրդ դրամով»,- ասել է Վախթանգ Աբրահամյանը` հավելելով, որ մեկ այլ` «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ-ն եւս նպաստել է շուկայում ակտիվության պահպանմանը` հիփոթեքային վարկերի գոյության ոչ լրիվ 2 ամիսների ընթացքում կատարելով 400 մլն դրամի վերաֆինանսավորում: ՀՀ հիփոթեքային շուկայի մասնակիցների միության գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը հայտնել է, որ ՀՀ ԿԲ-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Գերմանա-հայկական հիմնադրամի եւ ԱՀԸ-ի հետ Միության համագործակցության արդյունքում մշակվել են Միության կողմից ընդունված որակի նվազագույն չափանիշները: Օրեմյանի խոսքերով, Միությունը կշարունակի աշխատել հիփոթեքային վարկավորման վերաբերյալ ՀՀ բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նախորդ տարի Միությանը միացել են «Էլիտ Գրուպ», «Ավնիկ», «Միկշին», «Չիլինգարյան դիզայն» շինարարական ընկերությունները, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, ինչպես նաեւ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ն: Վերջին նիստի ընթացքում Միության մասնակիցներն են դարձել նաեւ «Արմենիա Ռիելթի» եւ «Էքսպրես Վելյու» ռիելտորական ընկերությունները: Tweet Դիտում՝ 16155