Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ պետբյուջեի մուտքերը 2010թ. առաջին եռամսյակում ավելացել են 17%-ով` կազմելով 164,1 մլրդ դրամ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր հայտնել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծախսերն ավելացել են 10%-ով` կազմելով 170,1 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը կազմել է 6 մլրդ դրամ` առաջին եռամսյակի համար նախատեսված 38 մլրդ դրամի փոխարեն: Ինչպես նշել է Գագիկ Մինասյանը, եթե ՀՀ բյուջեն համեմատենք մինչճգնաժամային ժամանակահատվածի հետ, ապա 2010թ. առաջին եռամսյակում արձանագրվել է եկամուտների 6% եւ ծախսերի 22% աճ: Նրա խոսքերով, դա վկայում է այն մասին, որ ՀՀ տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից: Մեկնաբանելով վարչապետի դժգոհությունը Պետեկամուտների կոմիտեի աշխատանքից` Գագիկ Մինասյանն այն անվանել է հիմնավորված: Նա ընդգծել է, որ հարկահավաքման ներկայիս մակարդակն անբավարար է, եւ անհրաժեշտ է լուրջ միջոցառումներ ձեռնարկել մուտքերի ավելացման ուղղությամբ: Պատգամավորը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ հարկային համակարգի լուրջ բարեփոխում: Tweet Դիտում՝ 12702