Երեւանում բացվել է ԵԱԶԲ մշտական ներկայացուցչությունը
27.04.2010 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այսօր բացեց Հայաստանում իր մշտական ներկայացուցչությունը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում ՀՀ կառավարության եւ ԵԱԶԲ-ի միջեւ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր՝ բանկի կողմից հանրապետության տարածքում ներկայացված լինելու պայմանների վերաբերյալ:
Ինչպես միջոցառմանը նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, «մենք երկար էինք պատրաստվում համաձայնագրի ստորագրմանը, հանգամանորեն քննարկում էինք բանկի՝ Հայաստանում ներկայացված լինելու պայմանները եւ հուսով ենք, որ ԵԱԶԲ-ն Հայաստանում ակտիվ գործունեություն կծավալի»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԵԱԶԲ-ի օրակարգում արդեն ընդգրկված են մի շարք նախագծեր, որոնց իրագործման համար ահնհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագծերն ունեն տարածաշրջանային եւ ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն նշանակություն եւ կապված են այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են քիմիան, էներգետիկան եւ հանքարդյունաբերության հումքի մշակումը: Ըստ վարչապետի, ծրագրերից յուրաքանչյուրը գնահատվում է $100 մլն:
ԵԱԶԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի խոսքերով, բանկի գործունեությունը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ բանկի բոլոր անդամ-երկրների շահերից: Նա նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանում նորարարական նախագծերի դիտարկման ակտիվ աշխատանքներ, որոնք միտված են երկրի կայուն տնտեսական զարգացմանը:
Այսօր ԵԱԶԲ-ն Երեւանում երկկողմանի պայմանագրեր է ստորագրել նաեւ «ՀայՌուսգազարդ», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Հարավկովկասյան երկաթուղի» եւ «Հայբիզնեսբանկ» ընկերությունների հետ:
Ինչպես նշեց Իգոր Ֆինոգենովը, «Հայբիզնեսբանկի» հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է բանկին տրամադրել $20 մլն փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման նպատակով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: