Երեւան/Մեդիամաքս/. «Ինեկոբանկը» Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանաչվել է «2009թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու սույն թվականի մայիսի 15-ին Խորվատիայում`ՎԶԵԲ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին «Ինեկոբանկի» մամլո ծառայությունում: «Ինեկոբանկը» առևտրի վարկավորում իրականացնում է սկսած 2005 թ.-ից և առևտրի ֆինանսավորման գործիքներից իր հաճախորդներին է առաջարկում փաստաթղթային ակրեդիտիվներ, երաշխիքներ և առևտրի ֆինանսավորման վարկեր: 2007թ. «Ինեկոբանկը» ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվեց առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը Հայաստանում: «Կարծում եմ, “Ինեկոբանկի” հաջողությունը պայմանավորված է ճկուն քաղաքականությամբ: Առեւտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրելիս բանկը փորձում է առավելագույնս բավարարել հաճախորդի պահանջները` իրականացնելով այսպես կոչված “Structure Finance”, - ասել է “Ինեկոբանկի” վարկային ծառայության ղեկավարի տեղակալ Վաղինակ Խաչատրյանը: 2009թ. ընթացքում բանկը առեւտրի ֆինանսավորման համար տրամադրել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար, որից 1.5 մլն-ը` ՎԶԵԲ-ի հաստատմամբ: Tweet Դիտում՝ 11914