Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում ընթանում է Եվրոպական գործարար կոնգրեսի /ԵԳԿ/ օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների կոմիտեի նիստը՝ «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում. հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նիստը Երեւանում անց է կացվում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախաձեռնությամբ: «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Վահագն Առաքելյանը հայտնել է, որ նիստի մասնակիցները կքննարկեն տարբեր երկրների փորձը իրավական եւ ֆինանսական խնդիրների լուծման բնագավառում, որոնք սրվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում: Վահագն Առաքելյանը նշել է, որ 2009թ. Հայաստանում գազի իրացման ծավալը կրճատվել է 20,3%-ով, եւ դա հանգեցրել է «ՀայՌուսգազարդի» եկամուտների կրճատմանը: «Արդյունքում ընկերությունը կարճաժամկետ հեռանկարում շահույթի հույսեր է կապում ոչ թե գազի իրացման, այլ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկման հետ»,- ասել է Վահագն Առաքելյանը: Նրա խոսքերով, ճգնաժամի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ընկերության ներկայիս մոտեցումները սակագնային քաղաքականության, սպառման շուկաների ընդլայնման, ներդրումային որոշումների կայացման եւ երկարաժամկետ ֆինանսական պլանավորման ուղղությամբ: Նիստին մասնակցում են գազաէներգետիկ, ֆինանսական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից եւ Եվրոպայից: ԵԳԿ-ն «Գազպրոմ» ԲԲԸ հովանու ներքո գործող միջազգային ոչ կառավարական, ոչ առեւտրային կազմակերպություն է, որի կենտրոնը գտնվում է Բեռլինում: Հիմնական նպատակն է աջակցել ԵԱՀԿ անդամ-երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը կառավարության եւ մասնավոր բիզնեսի միջեւ երկխոսության հաստատման եղանակով: Tweet Դիտում՝ 11564