Հիփոթեքային շուկայի զարգացման համար KfW-ն Հայաստանին կհատկացնի €20 մլն
19.04.2010 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Գերմանական KfW բանկը Գերմանա-հայկական հիմնադրամի «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրին կհատկացնի €20 մլն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում համապատասխան համաձայնագիր են ստորագրել KfW-ի փոխնախագահ Եվա Վիտտը եւ ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը:
Վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով (3 տարի արտոնյալ ժամանակահատվածով), ԳԴՀ կառավարության կողմից սուբսիդավորվող դիսկոնտային տոկոսադրույքով (տարեկան 3%-ի սահմաններում): Վարկային միջոցները նախատեսվում է ամբողջությամբ օգտագործել 3 տարվա ընթացքում` կիրառելով Հայաստանում KfW-ի հիփոթեքային վարկային ծրագրի առաջին երկու փուլերի հիմնական սկզբունքները:
Արթուր Ջավադյանը հիշեցրել է, որ 2006 եւ 2007 թվականներին KfW-ի եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ ստորագրվել է Գերմանա-հայկական հիմնադրամի հիփոթեքային ծրագրին խորհրդատվական նպատակներով €1,5 մլն դրամաշնորհ եւ €12 մլն եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիր: Ծրագրի առաջին երկու փուլերի շրջանակներում ստացված վարկային միջոցներն արդեն ամբողջությամբ ծախսվել են:
Ներկայումս Գերմանա-հայկական հիմնադրամի հիփոթեքային ծրագրի գործընկերներն են «Արարատբանկը», «Հայէկոնոմբանկը», «Առէկսիմբանկը», «Ինեկոբանկը», «Բիբլոս Բանկ Հայաստանը», «Հայբիզնեսբանկը», «Արդշինինվեստբանկը», «Անելիք Բանկը», «Կասկադ Բանկը», ինչպես նաեւ «Առաջին հիփոթեքային ընկերություն» եւ «Վաշինգտոն Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունները: Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ ծրագրի գործընկերների թիվն ընդլայնվելու է մրցութային ընտրության արդյունքում: Բանկերն ու վարկային կազմակերպությունները դրամով հիփոթեքային վարկեր են տրամադրելու շուկայական տոկոսադրույքներով (տարեկան 12-16%), ապա, վարկավորման պայմանների համապատասխան, դրամական ֆինանսավորում են ստանալու Գերմանա-հայկական հիմնադրամից: Ընդ որում, KfW-ի վարկը հատկացվում է եվրոյով:
«Տոկոսադրույքը, որով հիմնադրամը վերաֆինանսավորելու է հատկացված հիփոթեքային վարկերը, կազմելու է տարեկան 8,25%, սակայն այն կարող է վերանայվել` կախված շուկայական իրավիճակից»,- ասել է Արթուր Ջավադյանը: Վարկերը սկսելու են տրամադրվել առաջիկա 3-4 ամիսների ընթացքում:
KfW փոխնախագահ Եվա Վիտտն ասել է, որ տրամադրելով վարկը` գերմանական բանկը նախեւառաջ մտադիր է օժանդակել ՀՀ մարզերում բնակարանաշինությանը եւ հիփոթեքային շուկայի զարգացմանը, եւ այդ պատճառով ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի առավելագույն գումարը կմնա 12 մլն դրամի սահմաններում:
«Մենք ողջունում ենք արժութային ռիսկերն իր վրա վերցնելու` ՀՀ կառավարության պատրաստակամությունը` ընդունելով KfW վարկը եվրոյով եւ բնակչությանը վարկավորելով դրամով. ոչ բոլոր կառավարությունները կգնային այդ քայլին»,- ամփոփել է Եվա Վիտտը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: