Երեւան/Մեդիամաքս/. Մարտին «Նաիրիտ» քիմիական գործարանը դադարեցրել էր արտադրությունը էլեկտրաէներգիայի (շուրջ 1 մլրդ դրամ) ու գազի (1 մլրդ 91 մլն դրամ) դիմաց ունեցած պարտքերի պատճառով: Մարտի սկզբից գործարանը էլեկտրիֆիկացված է մասամբ` էլեկտրականություն ստանալով նվազագույն քանակությամբ: Դադարեցվել է նաեւ գործարանի գազամատակարարումը: «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը համաձայնել է պատասխանել Մեդիամաքս-ի հարցերին գործարանում առաջացած խնդիրների պատճառների մասին: - Ո՞րն է գործարանի խնդիրների պատճառը: Ինչպե՞ս է «Նաիրիտը» մտադիր դուրս գալ ստեղծված իրավիճակից: - Ընկերության ունեցած պարտքերի պատճառն այն է, որ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով գործարանն իր արտադրանքի իրացումն, ըստ էության, սկսել է միայն հունվար-փետրվար ամիսներին, եւ նախորդ տարվա դեկտեմբերից մինչեւ այս տարվա մարտ ամիսների պարտքն ի վիճակի կլինի մարել այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին: Ձեռնարկության գործունեության համար բացասական ազդեցություն է ունեցել նաեւ ընկերության այս տարվա ֆինանսական ծրագրի հաստատման ուշացման հանգամանքը, որը կհաստատվի մինչեւ ապրիլի վերջ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու երկու ելք կա, որոնք այժմ իրականացվում են. նախ` շարունակել ընկերության բնականոն աշխատանքը եւ արտադրանքի իրացումը, երկրորդ` հաստատել ընկերության տարեկան ֆինանսական ծրագիրը` գործարանի համար կենսական նշանակություն ունեցող վերակառուցման ծրագրերի ընդգրկումով, որոնց իրականացման շարունակականությունն ապահովելու հիմք են հանդիսանում տրամադրվող վարկերը: Գաղտնիք չէ, որ մինչեւ քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակին անցնելը ընկերությունն աշխատելու է վնասով: Կարծում եմ, մինչեւ ապրիլի վերջը բոլոր կազմակերպչական խնդիրները կլուծվեն, եւ ընկերության արտադրական գործընթացը կվերականգնվի: - Գործարանը շատ պատվերներ ունի արտասահմանից: Այն փաստը, որ այդ պատվերները կարող են չկատարվել պարապուրդի պատճառով, հայկական գործարանի հեղինակությունն արդյոք չի՞ դնում կասկածի տակ: - Ձեր պատկերացումները պատվերների չկատարման մասին թյուր են: Իհարկե, այսօր շուկան դեռ ամբողջովին վերականգնված չէ, եւ մեր արտադրանքի իրացումը կատարվում է իրացման սովորական ծավալներից 20%-ով պակաս: Շուկայի զարգացումը մեր արտադրանքի իրացման համար շատ կարեւոր եւ էական է: Գործարանի հեղինակազրկման մասին խոսք լինել չի կարող: Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր քիմիական գործարան պրոֆիլակտիկ նկատառումներով տարեկան երկուսից չորս անգամ կանգնեցվում է: «Նաիրիտ»-ի արտադրական կանգառը համընկել է պրոֆիլակտիկ աշխատանքների հետ եւ, ինչպես արդեն նշեցի, մինչեւ ապրիլի վերջը գործարանի արտադրական գործընթացը կվերականգնվի: - Անցյալ տարի ՀՀ կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Նաիրիտ» գործարանը կֆինանսավորվի ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցներից: Ստացվե՞լ է արդյոք այդ պետության օժանդակությունը: - Կառավարության կողմից նման հայտարարություն ինձ հայտնի չէ, սակայն այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես` կառավարությունը, ուշադրությամբ հետեւում են տեղի ունեցող իրադարձություններին, հնարավորություններ են փնտրում գործարանի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ, ակնհայտ է: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա կառավարությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր, որոնք, հուսով ենք, կպսակվեն հաջողությամբ եւ թույլ կտան արմատապես վերակառուցել գործարանը: Խոսքը ոչ թե քլորոպրենային կաուչուկի արտադրության բութադիենային տեխնոլոգիայի գործարկման, այլ ավելի խորքային վերակառուցման եւ արդիականացման մասին է: - Ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում «Նաիրիտի» անգլիական բաժնետերը: Նա կատարու՞մ է արդյոք մինչեւ 2011 թվականը $120 մլն ներդրում կատարելու մասին իր խոստումը: – Մինչ օրս գործարանի վերակառուցման աշխատանքների ողջ ծավալը ֆինանսավորվել է սեփականատիրոջ` Rhinoville Property Limited ընկերության կողմից: Ինչ վերաբերում է հետագա աշխատանքներին, ապա համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ 2009թ. մայիսի 14-ին գործարանում տեղի ունեցած վթարը որոշակի վերադասավորումներ մտցրին մեր ծրագրերում: Այնուամենայնիվ, ներդրումային ծրագիրը շարունակվելու է առանց լուրջ փոփոխությունների: Tweet Դիտում՝ 12090