Վարչապետն ընդունել է, որ հարկային ստուգումների հիմնական բեռն ընկնում է ՓՄՁ վրա
15.04.2010 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խոստովանել է, որ 2008-2009թ. հարկային ստուգումների եւ վճարումների հիմնական բեռն ընկել է փոքր եւ միջին ձեռնարկությունների ուսերին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, վարչապետն այդ մասին ասել է այսօր կառավարության նիստում` վկայակոչելով հարկային մարմինների ստուգումների արդյունավետության վերաբերյալ իր օգնականի պատրաստած հետազոտությունը:
Տիգրան Սարգսյանի խոսքերով, հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009թ. ավելացել է 82%-ով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25%-ով:
«Մեր ռազմավարության հիմքում ընկած էր այն սկզբունքը, որ պետք է նվազագույնի հասցնենք շփումները հարկ վճարողների հետ եւ անհանգստացնենք միայն այն հարկատուներին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները»,- հիշեցրել է կառավարության ղեկավարը:
Հետազոտության համաձայն, 2008-2009 թթ. ստուգումների քանակն ավելացել է 82%-ով, այդ թվում, խոշոր հարկատուների մոտ` 30%-ով, մինչեւ 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ` 70%-ով, իսկ մյուս բոլոր հարկատուների մոտ` 250%-ով:
«Ստուգումների արդյունքում նշված երեք խմբերում առաջադրված լրացուցիչ գումարները 2008թ. կրճատվել են 2-3 անգամ, խոշոր հարկատուների մոտ` 4.6 անգամ: Ստացվում է, որ մենք խոշորների վերաբերյալ ավելի մեղմ մոտեցումներ ունենք, քան` փոքրերի: Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր ստուգմամբ մեկ հարկատուին առաջադրված գումարները հարկատուից հավաքագրված հարկերի հետ համեմատության մեջ 325 խոշոր հարկատուների մոտ ոչ միայն պակաս է ավելի քան 50 անգամ, քան մյուս հարկատուների մոտ, այլ նաեւ 2009 թ. նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 40 տոկոսով, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում մյուս բոլոր հարկատուների մոտ այդ ցուցանիշները մնացել են գրեթե նույնը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարն ասել է, որ այս տեղեկատվությունը պետք է դեռեւս վերլուծության ենթարկվի, «բայց իրավիճակը վկայում է, որ մեզ մոտ իսկապես արդյունավետության տեսակետից խնդիր կա եւ քննադատության հիմնական սլաքը, ես կարծում եմ, պետք է ուղղել դեպի ֆինանսների նախարարություն, որովհետեւ ֆինանսների նախարարությունը պետք է պատասխանատու լինի քաղաքականության համար»:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: