ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 7 %

13.04.2010 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 7 %:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, 2010թ. մարտին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.6 տոկոսային կետով` կազմելով 8.8%:

ԿԲ խորհուրդը փաստել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների եւ հակաճգնաժամային միջոցառումների ներքո իրականացված ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների պայմաններում տնտեսական աճի տեմպերը գերազանցում են կանխատեսված ցուցանիշը: Արդյունքում, ներկա գնաճային միջավայրը ձեւավորվել է հիմնականում վերոնշյալ գործոնների ազդեցության ներքո, ինչը համապատասխանում է ԿԲ-ի կողմից նախանշված ուղղություններին:

Խորհրդի գնահատմամբ, ձեւավորված մակրոտնտեսական միջավայրի եւ ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճային միջավայրը դեռեւս կպահպանվի, թեեւ 12-ամսյա գնաճի նվազման արձանագրված միտումները կշարունակվեն:

ՀՀ ԿԲ խորհուրդը շարունակում է կարեւորել գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը` ուղղված դրական իրական տոկոսադրույքների ձեւավորմանը: Վերջինս, ՀՀ կառավարության կողմից հակագնաճային միջոցառումների իրականացման հետ զուգահեռ, իրատեսական նախադրյալներ կստեղծի գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու համար:

Դիտում՝ 16502

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW