Երեւան/Մեդիամաքս/. «Նաիրիտ» քիմիական գործարանը դադարեցրել է արտադրությունը. ենթադրյալ պատճառը գործարանի կողմից 1 մլրդ դրամի ($2,5 մլն) հասած էլեկտրաէներգիայի պարտքը չվճարելն է: ««Նաիրիտը» էլեկտրաէներգիայի դիմաց չի վճարել շուրջ մեկ տարի, եւ մարտի 1-ի դրությամբ գործարանի պարտքը կազմել է շուրջ 1 մլրդ դրամ»,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը: Նրա խոսքերով, «Նաիրիտի» կողմից պարտքը չվճարելու խնդիր առաջ է եկել նաեւ նախորդ տարի, ինչի արդյունքում ՀԷՑ-ը դիմել է դատարանին` գործարանը սնանկ ճանաչելու խնդրանքով: Արդյունքում «Նաիրիտը» մարել է պարտքը (որը եւս կազմել է 1 մլրդ դրամ), եւ գործը փակվել է: «Այժմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը մտադիր չէ դիմել դատարան, գործարանի հետ մշտապես բանակցություններ են ընթանում»,- ասել է Նատալյա Սարջանյանը: Նա տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումներով գործարանի էլեկտրաէներգիան չի կարելի անջատել ամբողջությամբ, եւ գործարանը մարտի սկզբից էլեկտրիֆիկացված է մասնակի` էլեկտրականություն ստանալով նվազագույն «պահուստային» քանակով եւ աշխատելով վթարային հզորություններով: Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ ներկայումս գործարանն արտադրանք չի տալիս, սակայն շարունակում է արդեն պատրաստի ապրանքի իրացման պայմանագրեր կնքել: Անուշ Հարությունյանը չի նշել արտադրության դադարեցման պատճառը` այնուամենայնիվ ասելով, որ դրա պատճառը չի հանդիսանում պատվերների անբավարարությունը: «Ընդհակառակը, մենք արտասահմանից շատ պատվերներ ունենք»,- ասել է նա: Մեկնաբանելով էլեկտրաէներգիայի պարտքի հետ կապված խնդիրները` Անուշ Հարությունյանը չի նշել պարտքը չվճարելու պատճառները` ասելով միայն, որ գործարանը բանակցում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ», եւ «կողմերը, որքանով հայտնի է, ընդհանուր հայտարարի են եկել»: Անուշ Հարությունյանը հերքել է լուրերն այն մասին, թե գործարանը աշխատակիցներին հարկադիր արձակուրդ է ուղարկել: «Նաիրիտ» ՓԲԸ-ն աշխարհի հինգ ձեռնարկություններից մեկն է, որը թողարկում է քլորոպրենային կաուչուկ: Գործարանի արտադրանքի ավելի քան 80%-ը արտահանվում է: Ողջ հզորությամբ աշխատելու դեպքում գործարանը կարող է արտադրել ամսական 700-750 տոննա կաուչուկ: 2006 թվականից գործարանի բաժնետոմսերի 90%-ը պատկանում է Լոնդոնում գրանցված «Rhinoville Property Limited»-ին, որը պարտավորվել է մինչեւ 2011թ. ձեռնարկությունում ներդնել $120 մլն: «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը: Tweet Դիտում՝ 14059