Երեւան/Մեդիամաքս/. Դրամի վերջին արժեզրկումը չունի տնտեսական եւ ֆինանսական գործոններ ազգային արժույթի առաջարկի կտրուկ կրճատման լույսի ներքո, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդես գալով այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում` Բագրատ Ասատրյանն ասել է, որ դրամի արժեզրկման հիմնական գործոններն են օլիգարխների անձնական շահերը եւ դրանով պայմանավորված` ազգային արժույթի հանդեպ վստահության անկումը, ինչպես նաեւ Հայաստանից կապիտալի զանգվածային «փախուստը»: «Երկրորդ գործոնը վերջին ժամանակներս ձեռք է բերում բավականին մասսայական բնույթ. հայ գործարարներն ավելի շատ նախընտրում են ներդրումներ կատարել արտասահմանում, մասնավորապես, Վրաստանում, որտեղ տնտեսական իրավիճակը շատ ավելի լավն է, քան այստեղ»,- ասել է Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, «ԿԲ ապադոլարիզացման միջոցառումներն ուղղված են դրամի պահանջարկի ավելացմանը եւ ստեղծում են ֆինանսական ու տնտեսական նախադրյալներ դրամի ամրապնդման համար, սակայն Հայաստանում ոչինչ առողջ տրամաբանությանը չի ենթարկվում, եւ ԿԲ-ն, ցավոք, ի վիճակի չէ ազդել օլիգարխների շահերի վրա»:Բագրատ Ասատրյանը նշել է նաեւ գնաճի մոնետար կարգավորման գործոնի նվազեցման անհրաժեշտությունը: «Գնաճի վրա ազդելու համար ԿԲ գործառույթները պետք է սահմանափակվեին միայն դրամի առաջարկի կարգավորմամբ, մինչդեռ Հայաստանում կարգավորման հիմնական մեթոդը դարձել է ԿԲ արժութային միջամտությունը, որը միայն այս տարի արդեն հասնում է $180 մլն-ի»,- ասել է Բագրատ Ասատրյանը` նշելով, որ միաժամանակ, զրոյի է հասցվել գնաճի կառավարման այլ գործիքների դերը, մասնավորապես, պետական պարտատոմսերի շուկայի գործոնը: Բագրատ Ասատրյանի խոսքերով, պետական արժեթղթերի շուկայում արդյունավետ գործողությունների դեպքում ՀՀ կառավարությունը կարող էր խուսափել արտասահմանյան փոխառությունների ներգրավումից: «Բանկերում լրացուցիչ իրացվելիությունը պահանջվող նվազագույն ցուցանիշը գերազանցում է կրկնակի, այդ փողերը տնտեսություն չեն մտել պետության մեղքով, որը դիմել է արտասահմանյան փոխառություններին` ռեսուրսները ներսից ներգրավելու փոխարեն»,- ասել է Բագրատ Ասատրյանը: Մեկնաբանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին վերջերս արած հայտարարությունները կառավարության տնտեսական քաղաքականության մասին` Բագրատ Ասատրյանն ասել է, որ հայաստանյան տնտեսության խնդիրների 90%-ը կուտակվել է վերջին 10 տարիների ընթացքում, «ինչի արդյունքում ես չեմ կարող լուրջ վերաբերվել նման հայտարարություններին եւ կարծում եմ, որ դրանք հետապնդում են Քոչարյանի քաղաքական վերակենդանացման նպատակը»: Պատասխանելով ՀՀ ընթացիկ տարվա մակրոտնտեսական կանխատեսումների մասին հարցին` ԿԲ նախկին ղեկավարը կարծիք է հայտնել, որ Հայաստանը 2010 թվականը կամփոփի 1-2% տնտեսական անկմամբ: Tweet Դիտում՝ 14195