Երեւան/Մեդիամաքս/. Արտահանման խթանումը միակ ելքն է Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակից: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով, «երկիրը պետք է արժույթ վաստակի, իսկ առանց արտադրության դա անհնար է»: Նա ընդգծել է, որ հայաստանյան արտադրանքի արտահանմանը խոչընդոտում են ներքին ներկրողները: Հրանտ Բագրատյանն անդրադարձել է նաեւ ազգային արժույթի փոխարժեքի հետ կապված իրադրությանը: Նրա կարծիքով, դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման միտումը կպահպանվի մինչեւ տարեվերջ: «Այդ պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի քայլերը վտանգավոր են եւ հարվածում են ողջ բանկային համակարգին»,- ասել է նախկին վարչապետը: Հրանտ Բագրատյանը նկատել է նաեւ, որ եթե ՀՀ կառավարությունը սկսի Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ»-ի իրականացումը, անձամբ ինքը կհրաժարվի իշխանափոխության համար պայքարից: Tweet Դիտում՝ 11006