“ԱրԱրԱտ” կոնյակը մրցունակ է ցանկացած շուկայում, կարծում են ԵԿԳ-ում

15.03.2010 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանում /ԵԿԳ, “ԱրԱրԱտ” ապրանքանիշ/ արտադրության անկումը 2009 թ-ին կազմել է 36%, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում կոնյակի արտադրությունը նախորդ տարի կրճատվել է 46-47%-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը:

“Գործարանի գործունեության ամենալավ ժամանակահատվածը մեզ համար մնում է 2007թ., եւ մենք հուսով ենք, որ 2007 թ-ի արդյունքներին կհասնենք 2012 թ-ին”,- ասել է Արա Գրիգորյանը` միաժամանակ նշելով, որ 2010թ., այնուամենայնիվ, գործարանի համար կլինի նախորդ տարվանից շատ ավելի հաջող:

ԵԿԳ գլխավոր տնօրենի խոսքերով, գործարանի ընթացիկ տարվա գերխնդիրը խաղողի գնման եւ գների նախորդ տարվա ցուցանիշների ապահովումն է: 2009 թ-ին ԵԿԳ-ն գնել է 32 հազ. տոննա խաղող, Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերում գործարանը մեկ կգ խաղողի դիմաց վճարել է 130 դրամ, իսկ Տավուշի մարզում` 120 դրամ:

“2009 թ-ին ԵԿԳ-ն հաջողությունների չի հասել սպառման շուկաների դիվերսիֆիկացման հարցում: Մեր առօրյա խնդիրը մնում է Ռուսաստանի տեսակարար կշռի իջեցումը մեր ներկայության շուկաներում` մեկ տնտեսությունից ավելի քիչ կախված լինելու նպատակով”,- ասել է Արա Գրիգորյանը:

Միաժամանակ, նա նշել է, որ “ԱրԱրԱտ” կոնյակը մրցունակ է ցանկացած շուկայում, եւ ԵԿԳ-ն չունի ապրանքի որակի հետ կապված ոչ մի խնդիր:

ԵԿԳ արտադրության գծով տնօրեն Ֆիլիպ Տիբոն նշել է, որ հայկական կոնյակի առանձնահատկություններից են խաղողի տեղական տեսակներն ու կլիման: “Հայկական կոնյակն ունի առանձնահատկություններ, որոնք այն առանձնացնում են բոլոր մրցակիցներից: Մենք կնվաճենք նոր շուկաներ եւ դուրս կգանք ճգնաժամից` պահպանելով եւ զարգացնելով “ԱրԱրԱտ” կոնյակի առանձնահատկությունները”,- ասել է Ֆիլիպ Տիբոն:

Մեկնաբանելով Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի` վերջերս արած հայտարարություններն այն մասին, թե Էջմիածնի մերձակայքում 5 հեկտար խաղողի այգիներ վարակված են ֆիլոքսերայով, Արա Գրիգորյանն ասել է, որ ԵԿԳ-ն մշտապես հետեւում է իրավիճակին եւ այդ նպատակով հրավիրել է ֆրանսիացի մասնագետների:

“Այժմ, երբ ձմեռն անցել է, դեռ հասկանալի չէ` վարակը կպահպանվի, թե ոչ, սակայն ախտանիշների ի հայտ գալու դեպքում մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները”,- ասել է Արա Գրիգորյանը:

Պատասխանելով գործարանի գործունեության վրա արժույթի տատանումների ազդեցության մասին հարցին` Արա Գրիգորյանն ասել է, որ թեեւ դրամի արժեզրկումը ձեռնտու է բոլոր արտահանողներին, սակայն արժույթի աննշան տատանումները, մասնավորապես, վերջին ժամանակներս հայկական դրամի մի քանի կետով թուլացումը, առանձնակի նշանակություն չունեն ԵԿԳ-ի համար:

Դիտում՝ 12783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW