ՀՀ վարչապետը քննադատել է տոնավաճառների կազմակերպիչների աշխատանքը

25.02.2010 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր քննադատության է ենթարկել տոնավաճառների կազմակերպիչների աշխատանքը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, որ իշխանությունների ռազմավարությունը շատ պարզ ու հասկանալի է. կարգուկանոն մտցնել տոնավաճառներում, որոնք հիմնական խոչընդոտն են ստվերային տնտեսության դեմ պայքարում: Տիգրան Սարգսյանի խոսքերով, Հայաստանում առեւտրի զգալի մասը բաժին է ընկնում տոնավաճառներին, եւ “անհնար է խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե առկա է հարկերի արտահոսքի մեծ աղբյուր` ի դեմս տոնավաճառների”:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարության որոշման համաձայն, տոնավաճառների կազմակերպիչները պետք է աշխատանքային պայմաններով ապահովեն մասնավոր ձեռնարկատերերին, մասնավորապես, իրենց հաշվին ներդնեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ /ՀԴՄ/ եւ ապահովեն Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազային միացված ՀԴՄ ցանցի աշխատանքը:

Սակայն, ասել է Տիգրան Սարգսյանը, դատելով “Վաղարշ եւ որդիներ” ՓԲԸ-ին պատկանող “Ոսկու աշխարհ” ոսկյա զարդերի շուկայում ստեղծված իրավիճակից` տոնավաճառի կազմակերպիչն ողջ բեռը դրել է փոքր եւ միջին բիզնեսի վրա` սահմանելով լրացուցիչ վճարներ:

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ բարեխիղճ հարկատուները բողոքում են տոնավաճառի կազմակերպչի ինքնակամ գործողությունների դեմ եւ խնդրում են ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: Կառավարության ղեկավարը Պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է ավելի պահանջկոտ եւ խիստ լինել տոնավաճառների կազմակերպիչների նկատմամբ եւ չանհանգստացնել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր ակնհայտորեն չունեն առեւտրի մեծ շրջանառություն:

Դիտում՝ 11549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW