Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին գործիքներ են նվիրել Գյումրիի դպրոցին

16.02.2010 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell) գործիքներ են նվիրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Երեւան են բերվել պրոֆեսիոնալ գործիքները Fender Musical Instruments Corporation-ից. ճապոնական Takamine ֆիրմայի 4 ակուստիկ կիթառներ եւ ամերիկյան Gretsch Drums ընկերության Blackhawk հարվածային սարք: Երաժիշտները դպրոցին նվիրել են նաեւ Paiste կիմբալներ եւ Vic Firth թմբուկի փայտիկներ` տրամադրված John Henrys Ltd ընկերության կողմից:

2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի եւ ավստրալիական Do Something ընկերության կողմից իրականացված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում այցելել էին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց: Դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը ռոք աստղերի հետ զրույցում ասել էր, որ իր աշակերտները շատ կցանկանային ունենալ լավ կիթառներ ու հարվածային գործիքներ: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ընթացքում եւ մինչ օրս տեղակայված է ժամանակավոր կացարաններում: 

“Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում մեծն երաժիշտներին բարդ պայմաններում երաժշտություն սովորող հայ երեխաների նկատմամբ նրանց ուշադրության համար: Գիլանի եւ Այոմիի Հայաստան այցից անցել է գրեթե 5 ամիս, սակայն այս նվերը վկայում է այն մասին, որ հայկական դպրոցին օգնելու նրանց ցանկությունը չի նվազել: Կցանկանայի նաեւ անկեղծ շնորհակալություն հայտնել երաժիշտների մենեջերներին` Ռալֆ Բեյքերին եւ Ֆիլ Բենֆիլդին, ովքեր անմիջապես  զբաղվել են գործիքների ձեռք բերմամբ”,- ասել է “Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանը: 

Մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կկայանան Իէն Գիլանի համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնցից ստացված ողջ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:

“Դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ի դեմս այդ մեծ երաժիշտների` Հայաստանն ունի մեծ ընկերներ”,- ընդգծել է Արա Թադեւոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին երաժշտական գործիքները Երեւան տեղափոխելուն աջակցելու համար: Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նվերը Երեւան է հասել ՀՀ նախագահի ինքնաթիռով, ով նախորդ շաբաթ այցելել էր Լոնդոն: “Դա շատ խորհրդանշական է, քանի որ Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագիծն իրականացվում է երկրի ղեկավարի հովանու ներքո”,- նկատել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրենը:

Ակնկալվում է, որ գործիքները դպրոցի ներկայացուցիչներին կհանձնվեն մարտին` Իէն Գիլանի Հայաստան այցի շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2009թ. դեկտեմբերին “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորի եւ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի ղեկավարները այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց եւ դպրոցին նվիրեցին երաժշտական գործիքներ: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցին նվիրեց 8 ջութակ, 2 ֆլեյտա, սոպրանո-սաքսոֆոն եւ սինթեզատոր: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը դպրոցին նվիրեց 2 կիթառ:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը Իէն Գիլանի` մարտի 26-ին եւ 27-ին կայանալիք համերգների գլխավոր հովանավորն է: Համերգների գործընկերը bmi ավիաընկերությունն է:

Դիտում՝ 11729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW