Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը այսօր հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է կենսաթոշակային բարեփոխումների բոլոր սցենարները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վարդան Արամյանն այսօր ասել է, որ երկրում գործող կենսաթոշակային համակարգն անարդյունավետ է ֆինանսական միջոցների պակասուրդի տեսանկյունից, անարդար է աշխատավարձին համապատասխանության տեսանկյունից եւ քաղաքացիների համար չի ապահովում պատշաճ կենսապայմաններ 63 տարեկանից հետո: Փոխնախարարն ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումները թույլ կտան լուծել այդ խնդիրները: Նրա խոսքերով, սղաճի արդյունքում կուտակված միջոցների փոշիացման ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ կառավարությունը սահմանել է խիստ սահմանափակումներ քաղաքացիների կենսաթոշակային միջոցները կառավարողների համար: Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները ունենալու են գործունեության տեսակների սահմանափակումներ` հավասարակշռված, պահպանողական եւ կայուն: Հավասարակշռված հիմնադրամներն իրավունք են ունենալու իրենց կապիտալը ներդնել բաժնետոմսերում եւ պարտատոմսերում 50/50 հարաբերակցությամբ, իսկ պահպանողական հիմնադրամները, համապատասխանաբար, 25/75 հարաբերակցությամբ: Կայուն հիմնադրամները հարյուր տոկոսանոց ներդրումներ են կատարելու պարտատոմսերում: Փոխնախարարն ասել է, որ կառավարությունը մշտապես տեղեկացնելու է հասարակությանը կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի մասին եւ բարձրացնելու է բնակչության բոլոր շերտերի իրազեկվածությունը: Tweet Դիտում՝ 16648