Երեւան /Մեդիամաքս/. “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի հունվար ամսվա տվյալների համաձայն` կորպորատիվ պարտատոմսերով բորսային գործարքների ծավալով Ինեկոբանկ ՓԲԸ-ն (ENECB1) դարձել է առաջատար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հունվար ամսվա ընթացքում “Ինեկոբանկի” պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է բորսայում համանուն գործարքների ընդհանուր ծավալի մոտ կեսը (ավելի քան 47,5 մլն դրամ): “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ում ցուցակվում են բանկի 7000 պարտատոմսեր` յուրաքանչյուրը 50 000 դրամ անվանական արժեքով, 365 օր մարման ժամկետով եւ տարեկան 9,5% տոկոսադրույքով: Միացյալ Նահանգների կառավարությունը, ի դեմս ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), տրամադրում է մինչև 50% երաշխավորություն հօգուտ Պարտատոմսեր ձեռքբերողների: “Ինեկոբանկի” եւ USAID-ի համագործակցությունը ենթադրում է 2.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալի կորպորատիվ պարտատոմսերի թողարկում եւ դրանց տեղաբաշխում մի քանի տրանշերով: Պարտատոմսերի ընդհանուր թիվը կազմելու է 54 հազ., որից 37 հազ.-ը տեղաբաշխվելու են որպես դիսկոնտային պարտատոմսեր 365 օր շրջանառության ժամկետով, իսկ մնացած 17 հազ.-ը տեղաբաշխվելու են որպես արժեկտրոնային պարտատոմսեր 18 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը փոխարկելի չեն: Պարտատոմսերի տեղաբաշխումը կատարվում է “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ” ներդրումային ընկերության կողմից: Tweet Դիտում՝ 13552