Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ տնտեսությունը մնացածից շատ է տուժել միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ եզրակացությանն են եկել “Տնտեսություն եւ արժեքներ” կենտրոնի մասնագետները, ովքեր անցկացրել են ԱՊՀ, Արեւմտյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների տնտեսությունների վերլուծությունը: Կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի խոսքերով, վերլուծությունը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ ընթացիկ դեֆիցիտը բարձր է եղել, տնտեսական ցուցանիշները ցածր են եղել: Հայաստանի պայմաններում, ինչպես կարծում է Մանուկ Հերգնյանը, տնտեսական անկման պատճառներից մեկը դարձել է տնտեսության կառուցվածքի ձեւափոխումը, այսինքն, ՀՆԱ ծավալում գերակշռել է մեկ բնագավառ` շինարարությունը: Այսպես, 2009թ. ընթացքում 14,4%-անոց տնտեսական անկման 80%-ը բաժին է ընկնում շինարարությանը: Մանուկ Հերգնյանի կարծիքով, Հայաստանում շինարարությունն ունի հետագա զարգացման մեծ ներուժ, սակայն դա չի նշանակում, որ մյուս ոլորտները պետք է կանգնած մնան: Մանուկ Հերգնյանի խոսքերով, եթե 2010 թվականին չնկատվի ճգնաժամի երկրորդ փուլը, ապա Հայաստանում կարելի է սպասել տնտեսական անկում 3%-ի սահմաններում, կամ աճ մինչեւ 3%, ընդ որում, սղաճը կկազմի 6%-ից 9%: Tweet Դիտում՝ 14198