“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը եւ ՎԶԵԲ-ը վարկավորելու են ՀՀ խոշոր բիզնեսը
15.01.2010 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ այսօր ստորագրել են $4 մլն-ի համաֆինանսավորման ծրագիր:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ դա Հայաստանում սինդիկացված վարկավորման ուղղությամբ առաջին քայլն է:
Նրա խոսքերով, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ն ու ՎԶԵԲ-ը մտադիր են համատեղ ֆինանսավորել խոշոր բիզնեսը 7 տարի մարման ժամկետով եւ $400 հազ. նվազագույն գումարով: Նա հայտնել է նաեւ, որ վարկավորման տոկոսադրույքները կախված են լինելու սուբյեկտի ռիսկերից եւ տատանվելու են 11-14%-ի սահմաններում:
Աշոտ Օսիպյանը նկատել է, որ ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը հավասարապես իրականացվելու է հայաստանյան բանկի եւ ՎԶԵԲ-ի կողմից, հետեւաբար, ռիսկերը եւս կիսվելու են:
Բանկի վարչության նախագահը վարկավորման առաջնահերթ բնագավառների թվում նշել է ալյուրաղացման արդյունաբերությունը, շինարարությունը, թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը եւ այլն: Նա նկատել է, որ ծրագրում կան նաեւ սահմանափակումներ, մասնավորապես, ալկոհոլ եւ զենք արտադրողներին վարկեր չեն տրամադրվելու:
Աշոտ Օսիպյանի խոսքերով, բանկը մտադիր չէ սահմանափակվել $4 մլն-ով. դա միայն առաջին քայլն է, եւ ծրագիրն ավելի ընդգրկուն է, սակայն ամեն ինչ կախված է լինելու ֆինանսական միջոցների նկատմամբ ՀՀ խոշոր բիզնեսի պահանջարկից:
Ինչպես նշել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը, ծրագիրը ոչ միայն ֆինանսական ասպեկտ է կրում, այլեւ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ին տեխնիկական աջակցություն է ցուցաբերում: “Մենք պատրաստ ենք օգնել բանկին գնահատելու երկարաժամկետ ռիսկերը եւ արդյունավետ օգտագործել այդ միջոցները”,- ասել է Վալերի Ռազլոգը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: