Երեւան /Մեդիամաքս/. Այսօրվանից «Ռենեսա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարելու է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երրորդ թողարկման առքուվաճառքի գները: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մամուլի ծառայությունում, շուկա ստեղծողի կագավիճակում «Ռենեսան» կապահովի պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում` ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք ֆոնդային բորսայում վաճառելու կամ գնելու հնարավորություն: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերի 250 մլն դրամ ծավալի երրորդ թողարկումը ցուցակվել է այս տարվա հունվարի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի Bbond բորսային հարթակում: Ցուցակվել են 10 հազ. դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի տարեկան 10% եկամտաբերությամբ 25 հազ. պարտատոմսեր: Պարտատոմսերին շնորհվել է ARBKB3 հապավումը: «Ռենեսան» շուկա ստեղծողի դերում հանդես է եկել նաեւ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի պարտատոմսերի երկրորդ թողարկման համար, որը մարվել է 2009թ. դեկտեմբերին: Tweet Դիտում՝ 12926