Երեւան /Մեդիամաքս/. Կառավարության աջակցությամբ բանկերն 2009թ. իրականացրել են փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի վարկավորման աննախադեպ ծրագիր, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդես գալով ԿԲ նախաամանորյա ընդունելությանը` Արթուր Ջավադյանն ասել է, որ ընթացիկ տարում վարկային ներդրումների աճը կազմել է 13%, մինչդեռ Արեւելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում դիտարկվել է վարկավորման նվազում: Անդրադառնալով դրամի արժեզրկմանը հետեւած ժամանակահատվածում բանկերի ակտիվացմանը` Արթուր Ջավադյանն ասել է, որ ս.թ. երկրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից վարկավորման ծավալը առաջինի համեմատ ավելացել է երկու անգամ` հասնելով 600 մլրդ դրամի եւ գերազանցելով նախորդ տարվա համանման ցուցանիշը: «8 բանկեր ավելացրել են իրենց կապիտալը ավելի քան 35 մլրդ դրամով, իսկ 9 ապահովագրական ընկերություններ` 4.5 մլրդ դրամով»,- ասել է Արթուր Ջավադյանը` հավելելով, որ տնտեսական անկման պայմաններում, այնուամենայնիվ, նկատվում է ֆինանսական միջնորդության զգալի աճ, ինչի արդյունքում բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը տարեվերջին կազմում է ավելի քան 42%` նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազանցելով 14 տոկոսային կետով: ԿԲ ղեկավարը նշել է նաեւ ավանդների շուկայի դրական միտումը` ասելով, որ «ի տարբերությունը բազմաթիվ երկրների, Հայաստանում ավանդների արտահոսք չի նկատվել, դեռ ավելին, բանկային համակարգի ավանդներն աճել են 39%-ով»: Tweet Դիտում՝ 15019