Երեւան /Մեդիամաքս/. “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի բաժնետեր Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ այն խոշոր ընկերությունները, որոնք խուսափում են աուդիտից, պատրաստ չեն թափանցիկ աշխատել: Արմեն Հովհաննիսյանն այդ մասին ասել է` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Ազգային Ժողովի կողմից “Հաշվապահական հաշվառման մասին” օրենքում փոփոխությունների ընդունումը, որոնց համաձայն 2009 ֆինանսական տարվա արդյունքներով պարտադիր աուդիտ պետք է անցնեն 1 մլրդ դրամ եւ ավելի հասույթ ունեցող ընկերությունները, այլ ոչ թե 500 մլն դրամ եւ ավելի ակտիվներ ու շրջանառություն ունեցող ընկերությունները, ինչպես նախատեսվում էր ի սկզբանե: “Ես “հասկանում եմ” այն գործարարներին, ովքեր ունենալով 1 մլրդ եւ ավելի ակտիվներ` այսօր խուսափում են աուդիտից` պատճառաբանելով դա տնտեսական ճգնաժամով եւ միջոցների սղությամբ, երբ այդ աուդիտի արժեքը չէր կազմելու անգամ տնօրինվող ակտիվների 1%-ը”,- ասել է “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի բաժնետերը` ընդգծելով, որ “դա վկայում է այն մասին, որ նրանց համար դեռ վաղ է թափանցիկ աշխատելը”: Միաժամանակ, Արմեն Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ խոշոր ընկերություններում պարտադիր աուդիտի անցկացումը մեկ քայլ առաջ է ստվերի դեմ պայքարում, իսկ պարտադիր շեմը 500 մլն դրամից մինչեւ 1 մլրդ դրամ բարձրացնելը հնարավորություն կտա ավելի որակով եւ ժամանակին իրականացնել աուդիտորական աշխատանքները: Tweet Դիտում՝ 14096