Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. ընթացքում ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մուտքերը կազմել են 2 մլրդ 292 մլն 653.5 դրամ` նախատեսված 2 մլրդ 591 մլն դրամի փոխարեն (88.5%): Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը` հանդես գալով տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում: Երվանդ Զախարյանն ասել է, որ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կադաստրային մուտքերն ավելացել են 1.3%-ով: Նրա խոսքերով, տարվա ընթացքում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ հիփոթեքային իրավունքների պետական գրանցման 14 292 գործարք: Երվանդ Զախարյանը հայտնել է, որ կառավարության կողմից 2009թ. համար նախանշված 9 ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են: Կոմիտեի կողմից բացահայտվել է 1690 անօրինական կառույց եւ շինություն, արձանագրվել է անշարժ գույքի գրանցման 137 183 գործարք: Երվանդ Զախարյանը հայտնել է, որ Երեւանում 1 քառ. մետր բնակելի տարածքի շուկայական միջին գինը 2009թ. հունվար-նոյեմբերին կազմել է 296 600 դրամ, ինչը 10.5%-ով քիչ է, քան 2008թ. նույն ժամանակահատվածում: Շրջաններում 1 քառ. մետրի միջին գինը կազմել է 73 200 դրամ, անկումը` 4.8%: Գերատեսչության ղեկավարը նշել է, որ 2010 թվականին կոմիտեն շեշտադրելու է հիփոթեքային վարկավորման մատչելիության ապահովումը: Երվանդ Զախարյանն ասել է, որ 2009թ. ընթացքում անշարժ գույքի հիփոթեքային գների նվազումը կազմել է 57%: Նրա խոսքերով, կոմիտեն համագործակցելու է երկրի բանկային համակարգի հետ հիփոթեքային վարկերի տրամադրման մատչելի մեխանիզմ մշակելու, ինչպես նաեւ տրամադրված միջոցների վերադարձելիությունն ապահովելու նպատակով: Tweet Դիտում՝ 13969