Երեւան /Մեդիամաքս/. «Վերջին շաբաթներին ՀՀ Կենտրոնական բանկն արժութային շուկայում իրականացրեց հսկայական ներարկումներ` արտաքին պահուստներից վատնելով $150 մլն եւ դրանով զսպեց դրամի բնական արժեզրկումը»: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի /ՀԱԿ/ տնտեսական կոմիտեի հայտարարության մեջ: «Վերջին օրերին` այն բանից հետո, երբ ամանորյա ծախսերի համար սկսեցին շրջանառության մեջ մտնել բնակչության խնայած միջոցները, ընդամենը մի քանի օրվա ընթացքում արդեն իսկ դոլարով հագեցած շուկայում դրամն արժեւորվեց ավելի քան 15 կետով»,- նշում է ՀԱԿ-ը` դա բացատրելով նրանով, որ «իշխանությունն արեց ամեն ինչ՝ ապահովելու համար ներկրող օլիգարխների համար էժան արտարժույթ ձեռք բերելու հնարավորությունը՝ մի դեպքում պետական պահուստների, մյուս դեպքում՝ բնակչության խնայողությունների կողոպուտի հաշվին», - ասված է հայտարարության մեջ: ՀԱԿ-ը վստահություն է հայտնել, որ Կենտրոնական բանկի նման քաղաքականության հետեւանքով մոտ ապագայում կրկին տեղի է ունենալու դրամի կտրուկ արժեզրկում, որը ՙհերթական կործանարար հետեւանքներն է ունենալու տնտեսության վրա՚: ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունը ծառայում է օլիգարխիկ իշխանության անձնական հարստացմանը` ավելի խորացնելով ճգնաժամի վտանգները երկրի համար»: Tweet Դիտում՝ 12745