Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ բանկերի թիվն անխուսափելիորեն կկրճատվի, այսօր Երեւանում հայտարարել է “Տրոյկա Դիալոգ” ընկերությունների խմբի նախագահ, “Ամերիաբանկի” Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Ամերիաբանկի” նոր գլխավոր գրասենյակի բացման արարողությանը պատասխանելով լրագրողների հարցերին` Ռուբեն Վարդանյանն ասել է, որ հայաստանյան բանկերի համախմբման գործընթացն անխուսափելի է: Միաժամանակ, նա չի բացահայտել նոր ֆինանսական կառույց ձեռք բերելու “Ամերիաբանկի” մտադրությունների մանրամասները: Խոսելով “Ամերիաբանկի” զարգացման ծրագրերի մասին` Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ՙմենք այստեղ ենք եկել երկար ժամանակով, լուրջ ֆինանսական ռեսուրսներով եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ ԱՊՀ-ում լավագույն բանկերից մեկը ստեղծելու նպատակով՚:Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ՀՀ բանկային համակարգում կա իրացվելիության մեծ պաշար, եւ դա կհանգեցնի տոկոսադրույքների նվազմանը: “Տրոյկա Դիալոգի” ղեկավարը շեշտել է տնտեսական ակտիվության բարձրացման նպատակով փողի արժեքն իջեցնելու անհրաժեշտությունը: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է նաեւ Հայաստանում կայանալիք կենսաթոշակային բարեփոխումների կարեւորությունը` նշելով, որ “Ամերիաբանկը” մասնակցելու է ինչպես կենսաթոշակային ակտիվների կառավարմանը, այնպես էլ կենսաթոշակային հիմնադրամների ստեղծմանը: Tweet Դիտում՝ 16988