bmi ավիաընկերության ՀՀ գրասենյակի ղեկավար Սիմոն Ավագյանի հարցազրույցը “Մեդիամաքս” գործակալությանը եւ Banks.am պորտալին- Ինչպիսի՞ գնահատական կտաք bmi-ի գործունեությանը ՀՀ շուկայում: - bmi ավիաընկերությունը գործում է հայաստանյան շուկայում 2007թ. հոկտեմբերից` իրականացնելով կանոնավոր չվերթներ Երևանի եւ Լոնդոնի միջեւ: Սակայն, ըստ էության, այդ չվերթները իրագործվում են սկսած 1997թ. դեկտեմբերից` British Airways-ի անվան տակ:bmi-ը British Airways-ից հետո համարվում է Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշորագույն ավիաընկերությունը: Մենք ունենք մեր կայուն տեղը հայկական շուկայում` որպես Երեւան-Լոնդոն ուղիղ չվերթներ իրականացնող միակ ավիաընկերություն: Հիշեցնեմ, որ հենց այդ չվերթով է սկսվել արեւմտյան ավիաընկերությունների մուտքը հայաստանյան շուկա: Միաժամանակ, Լոնդոնից մեր ուղեւորները շարունակում են իրենց ուղեւորությունը աշխարհով մեկ, քանի որ գրեթե չկա մի վայր, որ մենք մենք գործընկեր ավիաընկերությունների հետ չկարողանանք հասցնել մեր ուղեւորներին:- Որոնք են bmi-ի հիմնական ձեռքբերումները 2009թ.` ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում:- 2009թ. ընթացքում ընկերությունն արդիականացրեց ապրանքանիշը եւ ներմուծեց մի շարք ծառայություններ` ուղեւորների սպասարկման կատարելագործման ուղղությամբ: Մասնավորապես, նորամուծություններից է Chauffer Drive ծառայությունը, որի շրջանակներում բիզնես-կարգի ուղեւորները ապահովվում են բարձրակարգ ավտոմեքենաներով` օդանավակայանից հյուրանոց կամ ցանկացած այլ վայր հասնելու համար: Այս ծառայությունն ընկերությունը տրամադրում է նաեւ Հայաստանում: Մեզ համար շատ կարեւոր էր այս տարի տոնած հաղթանակը` “Կոնդե Նասթ (Conde Nast) ճանապարհորդների մրցանակաբաշխությունում”, որը տեղի ունեցավ վերջերս Լոնդոնի Թագավորական Ինստիտուտում: “Կարճատարածք թռիչքներ իրականացնող լավագույն ավիաընկերություն զբոսաշրջիկների համար” մրցանակը մեզ բաժին հասավ` Swiss, British Airways, KLM ավիաընկերությունների հետ թեժ մրցակցության արդյունքում:“Կոնդե Նասթ զբոսաշրջիկների մրցանակաբաշխությունը” տեղի է ունենում սկսած 2001թ., եւ քվեարկությանը մասնակցում են այս հռչակավոր ամսագրի ընթերցող-զբոսաշրջիկները: Այս տարվա քվեարկության ժամանակ ընթերցողները հատկապես գովել էին երեխաներին տրամադրվող bmi-ի ծառայությունների բարձր որակը եւ գին-որակ համադրությունը: Մեր ընկերությունը նաեւ առաջատար համարվեց “Լավագույն Բիզնես Ավիաուղի” անվանակարգում:Նշեմ նաեւ, որ գործելով Լոնդոնի “Հիթրոու” օդանավակայանի առաջին տերմինալում, bmi-ն առաջարկում է լայնածավալ որակյալ ծառայություններ թե’ ինքնաթիռում, թե’ դրանից դուրս: Ուղեւորները, որոնք ճանապարհորդում են bmi-ի բիզնես դասով “Հիթրոու” օդանավակայանից, այժմ կարող են օգտվել մեր ավիաընկերության կոնցեպտուալ նոր բիզնես սպասասրահից` “bmi Հիթրոու Համար Մեկ”-ից:- Թողնու՞մ է արդյոք Հայաստանի ավիափոխադրումների շուկայում ազգային փոխադրողի առկայությունը որեւէ ճնշող ազդեցություն այլ ավիաընկերությունների վրա:- Միանշանակ` ոչ: Յուրաքանչյուր ավիաընկերություն ունի իր ներքին քաղաքականությունն ու ստանդարտները, իսկ հարաբերություններն իրավական տեսակետից կանոնակարգվում են պետությունների միջեւ ստորագրված ավիացիոն փոխադրումների մասին պայմանագրերով: - Ընդհանրապես, որքանո՞վ է Հայաստանյան ավիափոխադրումների շուկան գրավիչ արտասահմանյան ավիաընկերությունների համար:- Որքան էլ տարօրինակ թվա, հայաստանյան շուկան բավականին գրավիչ է արտասահմանյան ավիաընկերությունների համար: Լինելով ոչ մեծ և ունենալով ցածր գնողունակություն, այն այնուամենայնիվ կարողացել է գրավել բազմաթիվ ավիաընկերությունների: Այսօր արեւմտյան երկրներից դեպի Հայաստան են իրականացվում բազմաթիվ չվերթներ: Հայաստանում աշխատող արտասահմանյան ավիաընկերությունների թիվն աճել է, եւ դա միանշանակ ողջունելի է Հայաստանի տեսանկյունից: - Վերջերս bmi հովանավորեց “Մեդիամաքս”-ի կողմից կազմակերպված “Հայաստանը շնորհակալ է ռոքին” ծրագիրը` հնարավոր դարձնելով համաշխարհային ռոքի կենդանի լեգենդներ Իէն Գիլանի, Թոնի Այոմիի եւ այլոց ճանապարհորդությունը Հայաստան: Ի՞նչ նշանակություն ուներ այս նախագիծը bmi-ի համար:- bmi-ը զգում է սոցիալական պատասխանատվություն այն երկրների հանդեպ, որտեղ ծավալում է իր գործունեությունը: Հայաստանում մենք վարում ենք որոշակի բարեգործական գործունեություն, մասնակցում ենք տարբեր մարդասիրական նախաձեռնությունների: “Մեդիամաքսի” նախաձեռնությունը գրավիչ եղավ մեզ համար: Բրիտանական ռոք-աստղերը 20 տարի առաջ մեծ աջակցություն էին ցուցաբերել Հայաստանին, եւ մենք նպատակահարմար գտանք հովանավորել այս ծրագիրը` տրամադրելով 10 բիզնես-կարգի տոմսեր` Լոնդոն-Երեան-Լոնդոն չվերթի համար: bmi-ի համար կարեւոր էր նաև այն փաստը, որ “Հայաստանը շնորհակալ է ռոքին” ծրագրի շուրջ միավորվել էին պետական եւ մասնավոր կառույցներ` ՀՀ Նախագահի աշխատակազմը, ՀՀ Կառավարությունը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, “Հայռուսգազարդը”: Սա վկայում է այն մասին, որ նախագիծը իրոք մեծ նշանակություն ուներ Հայաստանի համար եւ մենք հպարտ ենք, որ աջակցեցինք դրա կյանքի կոչմանը:- Հայաստանում ռոք-աստղերը հայտարարեցին, որ մտադիր են միջոցներ հանգանակել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը վերականգնելու համար: Մասնավորապես, հաջորդ տարվա գարնանը Իէն Գիլանը երկու բարեգործական համերգ կտա Երեւանում: bmi-ն շարունակելո՞ւ է աջակցել այս ծրագրին:- Համաձայն արդեն ձեռք բերված պայմանավորվածության, մենք մեր հնարավորություների սահմաններում կհովանավորենք այս ծրագրի ողջ ընթացքը: - Առհասարակ, ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում բարեգործությունը bmi-ի գործունեության մեջ:- Բարեգործությունը bmi-ի գործունեության կարեւոր մասն է կազմում` ենթադրելով ատասխանատվություն հասարակության այն հատվածի նկատմամբ, որն ունի քո կարիքը: Ավիաընկերությունը ձգտում է իր հնարավորությունների չափով օգտակար լինել այն բարեգործական ակցիաներին, որոնք նպատակաուղղված են տվյալ երկրի բարեկեցության մակարդակի բարձրացմանը եւ այլ հրատապ լուծում պահանջող հարցերին: - Ի՞նչպիսի նորություններ կարող է մատուցել մոտ ապագայում bmi-ը իր հայաստանյան հաճախորդներին:- Իր նոր ծրագրերը bmi-ը իրականացնում է Better For Business կարգախոսի ներքո, որը հարիր է մեր նոր իմիջին: Ավիաընկերությունը փորձում է իր ծառայությունները ավելի ու ավելի հարմարավետ դարձնել բիզնես-հանրության համար: Better For Business կարգախոսը կյանքի է կոչվում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ շուկաներում, որտեղ աշխատում է bmi-ը: Ավիաընկերությունը հարմարեցնում է իր պայմանները ուղեւորների համար սկսած չվերթի ժամերից (չվերթներն իրականացվում են կեսoրին մոտ), վերջացրած օդանավակայանում եւ օդանավում այնպիսի հարմարություններով, որպեսզի մեր ուղեևորը չկորցնի իր ժամանակը, այլ ունենա իր օրվա սովորական շարունակությունը: Մենք ասում ենք Better For Business, բայց աշխատում ենք, որ անկախ նրանից թե ինչ նպատակով եւ ինչ դասով է ուղեւորը թռչում, նա ստանա լավագույն սպասարակումը: Ի դեպ, bmi-ը համարվում է Եվրոպայի ամենապունկտուալ ավիաընկերությունը:- Այսօր աշխարհում տնտեսական ճգնաժամ է: Արդյո՞ք այն չի ազդում bmi գործունեության վրա:- Այսօր ողջ աշխարհը, եւ առավել եւս ավիացիոն ինդուստրիան, զգում է տնտեսական ճգնաժամի ազդեցությունը եւ ավիաընկերությունները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանան դուրս գալ այս իրավիճակից: Այն, որ մեր ավիաընկերությունը կարողանում է կայուն, անկախ սեզոնից, շաբաթական 4 չվերթ իրականացնել Լոնդոնից Երեւան, այս պայմաններում կարելի է ձեռքբերում համարել: Սակայն մենք աշխատում ենք դեպի ավելին, եւ ամեն ինչ կանենք, որ ուղեւորը մեր օդանավով թռչելիս մի պահ մոռանա ճգնաժամի մասին եւ վայելի հարմարավետ եւ հաճելի թռիչքը բոլոր հանգամանքներում` այն, ինչին ձգտում է bmi-ը: Tweet Դիտում՝ 15447