Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ տնտեսությունն անցել է ճգնաժամի հատակը եւ սկսում է աճի միտումներ ցուցաբերել: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, տարեսկզբից տնտեսության անկման առավելագույն մակարդակն արձանագրվել է հուլիսին (18,4%), որից հետո տնտեսական անկումն ամեն ամիս սկսել է դանդաղել 0.1 տոկոսային կետով: Նախարարը վստահություն է հայտնել, որ մինչեւ տարեվերջ կայունությունը կվերածվի տնտեսության աճի: Տիգրան Դավթյանը նշել է, որ բացի տնտեսության սեզոնային ակտիվացումից, սկսում են դրսեւորվել նաեւ կայունացման հստակ միտումներ: “Մեր կանխատեսումների համաձայն, տարվա կտրվածքով տնտեսության անկումը կկազմի 15%”,- ասել է Տիգրան Դավթյանը` նշելով, որ 2010 թվականին կառավարության կողմից կանխատեսվող 1.2% տնտեսական աճը կարող է բարձր լինել սպասված մակարդակից: Նախարարի խոսքերով, հստակ արտահայտված ակտիվություն դրսեւորվում է արդյունաբերության, շինարարության եւ արտահանման ոլորտներում: ՙՀայաստանյան տնտեսության կայունացումը պայմանավորված է ինչպես համաշխարհային տնտեսությունում դրական առաջընթացով, այնպես էլ կառավարության հակաճգնաժամային ծրագրի, մասնավորապես, ընդլայնված դրամավարկային քաղաքականության արդյունքով՚, - ասել է Տիգրան Դավթյանը` վստահություն հայտնելով, որ ճգնաժամից դուրս գալու գործոններն ավելի տեսանելի կդառնան տարեվերջին: Ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ բյուջետային ծախսերի կրճատման մակարդակը չի գերազանցի 10%-ը (94 մլրդ դրամ), ինչը չի կարող համարվել սեկվեստր: ՙԻնչ վերաբերում է հաջորդ տարվա պետբյուջեին, ապա այն բացարձակ իրատեսական է եւ ամբողջությամբ կկատարվի՚, - ասել է Տիգրան Դավթյանը: Նա հայտնել է նաեւ, որ կառավարությունը բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրված վարկերի պայմանների մեղմացման ուղղությամբ: “Այդ գործում մենք վայելում ենք միջազգային ֆինանսական կառույցների ըմբռնումը, քանի որ նրանք հավաստիանում են վարկային միջոցների տեղաբաշխման արդյունավետության մեջ”, - ասել է նախարարը: Նրա խոսքերով, ՀՀ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ ներկայումս կազմում է 28.5%, իսկ հաջորդ տարի այն չի գերազանցի 30%-ը, մինչդեռ այդ ցուցանիշի սահմանագիծը համարվում է 50%-ը: Tweet Դիտում՝ 12149