Երեւան /Մեդիամաքս/. Մեկնարկել է Տաթեւի վանքի ճոպանուղու շինարարությունը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Առաջիկայում կսկսվեն նաեւ վանական համալիրի վերանորոգման նախագծման աշխատանքները: Համալիրի վերանորոգման մեկնարկը նախանշվում է 2010թ. աշնանը: ՀԱՄՀ գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ ներկայումս խորհուրդն աշխատում է Հայաստանի հարավի եւ Սեւանի ավազանի տուրիստական պլանավորման ծրագրի ուղղությամբ: Խոսելով Հայաստանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագրի մասին` Բեկոր Փափազյանը հայտնել է, որ մի խումբ ֆրանսիացի բժիշկներ եւ տեղական ներդրողներ պատրաստակամություն են հայտնել նախագծում ներդնել շուրջ 10 մլն եվրո: Բեկոր Փափազյանը խոսել է նաեւ ՀԱՄՀ-ի հովանու ներքո իրականացվող ՀՀ Կրթության եւ գիտության մրցունակության կենտրոնի ստեղծման ծրագրում արձանագրված առաջընթացի մասին: ՀԱՄՀ-ի գործադիր տնօրենի խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերվել Կենտրոնին տարածք տրամադրելու մասին: “Կենտրոնը կսկսի մասնակի գործել արդեն հաջորդ տարի”, - ասել է Բեկոր Փափազյանը: Խոսելով ՀՀ ողջ տարածքում հեռահաղորդակցային առաջավոր ցանցի կառուցման ծրագրի իրականացման ընթացքի մասին` Բեկոր Փափազյանը տեղեկացրել է, որ արդեն ընտրվել է ընկերությունը, որը կօգնի մշակել տեխնիկական առաջադրանքը, որի հիման վրա կանցկացվեն մրցույթներ ցանցի կառուցման մեջ միջազգային խոշոր ընկերություններ ներգրավելու նպատակով: ՀԱՄՀ-ի գործադիր տնօրենը հայտնել է, որ նախատեսվում է ծրագիրն իրականացնել 4 տարվա ընթացքում, եւ դրա հիմնական նպատակներից մեկը լինելու է պետության եւ մասնավոր հատվածի միջեւ արդյունավետ հաղորդակցության ապահովումը երկրի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ էլեկտրոնային կառավարման ներդրումը ՀՀ բոլոր պետական մարմիններում: Բեկոր Փափազյանը հայտնել է նաեւ, որ նոյեմբերի 5-ին Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում կկայանա ՀԱՄՀ-ի եւ Հայաստանի մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերի շնորհանդեսը: “Շնորհանդեսի նպատակն է լինելու ներդրումներ ներգրավել ՀՀ տնտեսության առաջնահերթ ոլորտներում”, - ասել է Բեկոր Փափազյանը` հավելելով, որ նման շնորհանդեսներ նախատեսվում է անցկացնել նաեւ մեծ հայկական համայնքներ ունեցող այլ երկրներում: Tweet Դիտում՝ 14992