Հայտնի են դարձել “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ում սեփականաշնորհման ենթակա ընկերությունները

06.10.2009 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում հրապարակվել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի միջոցով սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների անվանումները:

ՀՀ կառավարության սեպտեմբերի 23-ի որոշման համաձայն, սեփականաշնորհման ենթակա են հետեւյալ պետական ՓԲԸ-ները. “Ընդերքաբան”, “Երեւանի ջրամատակարարման ուղեմաս”, “Քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ”, “Ատոմսերվիս”, “Կապուտակ” եւ “Նարեկ” հանգստյան տուն՚:

Նշված բոլոր ընկերությունները միջին չափսի ձեռնարկություններ են, որոնց բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը պետությունն է: Ընկերությունները վերակազմավորվելու են բաց բաժնետիրական ընկերությունների, իսկ նրանց բաժնետոմսերը անանուն ռեժիմով մասնավորեցվելու են բորսայի կանոններով սահմանված սովորական բաց աճուրդի եղանակով:

Պետական գույքի կառավարման վարչության մեթոդաբանության բաժնի պետ Վահրամ Գասպարյանն այսօր ասել է, որ կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կիրականացվի նշված 6 ընկերությունների գնահատումը: Դրան զուգահեռ բորսայի անդամների կազմից ընտրվելու են ներդրումային ծառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնք կիրականացնեն արժեթղթերի տեղաբաշխումը:

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի գլխավոր տնօրենն Արմեն Մելիքյանն ասել է, որ վերոնշյալ 6 ընկերություններից յուրաքանչյուրի բաժնետոմսերի տեղաբաշխման համար մրցույթի միջոցով ընտրվելու է մեկ ներդրումային ընկերություն, որը կպատրաստի թողարկման ազդագիրն ու կներկայացնի այն գրանցման: Արմեն Մելիքյանը շեշտել է ընկերության ղեկավարության դերը սեփականաշնորհումից հետո, որից կախված է լինելու կապիտալի շուկայում ձեռնարկության հետագա ճակատագիրը:

Վահրամ Գասպարյանը նշել է, որ Հայաստանում կա պետական փայամասնակցությամբ մոտ 500 ձեռնարկություն, որից մոտ 100-ում պետության մասնաբաժինը 50-100% է: Պատասխանելով բորսայական սեփականաշնորհմանն ենթակա ընկերությունների ընտրության սկզբունքների մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Վահրամ Գասպարյանն ասել է, որ պետգույքի կառավարման վարչությունը բորսային ներկայացրել է առավել հաջող ֆինանսական ցուցանիշներ ունեցող պետական ձեռնարկությունների ցանկը, որոցից 6-ն ընտրվել են բորսայի կողմից:

Վահրամ Գասպարյանը կարծիք է հայտնել, որ սեփականաշնորհվող ձեռնարկությունների առաջին ցուցակումը կարող է կայանալ 3 ամսից:

Դիտում՝ 14903
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW