Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” այսօր հայտարարել է առեւտրի ֆինանսավորման նոր վարկային գործիքի ներդրման մասին, որի շրջանակներում բանկը կֆինանսավորի ներմուծման եւ արտահանման գործարքները 2 տարի ժամկետով եւ 10-12% տոկոսադրույքով: Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը` նշելով, որ վարկային ծրագիրը իրականցվում է միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության շրջանակներում: Ներմուծման եւ արտահամնան գործարքների համար ֆինասավորում ստանալու նպատակով գործարարներին ու ընկերություններին անհրաժեշտ է բանկ ներկայացնել համապատասխան պայմանագրերը եւ հաշիվ-ապրանքագրերը: Դավիթ Սուքիասյանը տեղեկացրել է նաեւ արտադրության ֆինանսավորման նոր վարկային ծրագրի մասին, որն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ եւ որի շրջանակներում ընկերությունները կարող են 10-12% տոկոսադրույքով վարկեր ստանալ: Խոսելով ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցների տեղաբաշխման մասին` “Հայէկոնոմբանկի” վարչության նախագահն ասել է, որ այդ ծրագրով վարկերը տրամադրվում են 5 տարի ժամկետով նվազագույնը 15% տոկոսադրույքով: Դավիթ Սուքիասյանը տեղեկացրել է նաեւ հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազեցման մասին: “Անշարժ գույքի ձեռքբերման վարկերը տրամադրվում են նվազագույնը 30% կանխավճարով եւ 14-16% տոկոսադրույքով, իսկ փոխանակման, վերանորոգման կամ շինարարության համար տրամադրվող վարկերը` 16-18% տոկոսադրույքով”,- նշել է նա: Նրա խոսքերով, հաշվի առնելով բանկում դրամային միջոցների անբավարար մակարդակը (բանկում դրամային եւ դոլարային միջոցների հարաբերակցությունը կազմում է 1/9)` վարկերի մեծամասնությունը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ դրամային վարկերի տրամադրումը հնարավոր է Համաշխարհային բանկի եւ ռուսաստանյան վարկային միջոցների շնորհիվ: Tweet Դիտում՝ 11310