Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” այսօր ներկայացրել է ինտերնետային բանկային համակարգի նոր ծառայությունը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը նշել է, որ ծառայությունը գործում է հուլիսի 1-ից եւ արդեն ունի 900 հաճախորդ: Նա ընդգծել է, որ մինչեւ տարեվերջ հաճախորդների թիվը կհասնի 3 հազարի: Թիմ Սլեյթերը նկատել է, որ ծառայության գործարկման համար “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” ներդրել է $2 մլն: Նրա խոսքերով, ինտերնետային բանկային նոր ծառայությունը հաճախորդներին թույլ է տալիս կառավարել իրենց հաշիվները` գտնվելով երկրի սահմաններից դուրս: Համակարգի ներդրման արդյունքում բանկի կայքի այցելուների թիվը զգալիորեն աճել է` կազմելով ամսական 15 հազար: Ինչպես նշել է Թիմ Սլեյթերը, նոր ծառայության ներդրումը բանկի զարգացման հերթական փուլն է: Նա հիշեցրել է, որ 1996 թվականին “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” Հայաստանում առաջին անգամ ներդրեց բանկոմատ, իսկ ավելի ուշ ներկայացրեց հեռախոսային բանկային ծառայությունը: Tweet Դիտում՝ 13926