Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն աննպատակահարմար է համարում ճգնաժամի պայմաններում բյուջեի սեկվեստրը, այսօր հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, երբ տնտեսությունը ետընթաց է ապրում, ծախսերի կրճատումը նշանակում է եւս մեկ հարված: “Մենք ճիշտ քայլ ենք կատարել` հրաժարվելով սեկվեստրից եւ պահպանելով սոցիալական ծախսերի մակարդակը”, - ասել է Տիգրան Դավթյանը: Նա տեղեկացրել է, որ այժմ նախարարությունն աշխատում է 2010թ. պետբյուջեի նախագծի վրա, որը “համեստ, բայց իրատեսական” կլինի: “Մենք մտադիր ենք հաջորդ տարի եւս պահպանել սոցիալական ծախսերի աճի միտումը. դրա համար կան անհրաժեշտ միջոցները”, - նշել է նախարարը: Տիգրան Դավթյանն ասել է, որ 2009թ. պետբյուջեի ծախսերը կկատարվեեն գրեթե 95 տոկոսով: Կանխատեսումների համաձայն, պետբյուջեի դեֆիցիտը տարվա արդյունքներով կկազմի ՀՆԱ 6.5%-ը, իսկ հունվար-հուլիս ամիսներին այն կազմել է ՀՆԱ 4.7%-ը: Նախարարը նկատել է, որ 2010 թվականին ՀՆԱ նկատմամբ դեֆիցիտի հարաբերակցությունը կկազմի 5-5.5%` հաշվի առնելով առավելագույն թույլատրելի մակարդակին բյուջետային դեֆիցիտի վերադառնալու միտումը: Հունիսի 2-ին ԱԺ-ն փոփոխություն էր կատարել “Բյուջետային համակարգի մասին” օրենքում, որի համաձայն` դեֆիցիտի թույլատրելի նշաձողը բարձրացվել էր 5%-ից 7.5%-ի: Խոսելով ՀՀ պետական պարտքի մասին` Տիգրան Դավթյանը նշել է, որ այն “կառավարելի է”: Ֆինանսների նախարարության կողմից մշակվել է մինչեւ 2025 թվականը պետական պարտքի մարման ժամանակացույցը: Tweet Դիտում՝ 12175