Երեւան /Մեդիամաքս/. Նախորդ շաբաթ աշխուժություն է նկատվել ՀՀ պետական պարտատոմսերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Ռենեսա» ներդրումային ընկերությունում: Անց են կացվել 1 մլրդ թողարկման ծավալով կարճաժամկետ եւ 2 մլրդ թողարկման ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսերի տեղաբաշխման մեկական աճուրդներ: Միջնաժամկետ պարտատոմսերի պահանջարկը գերազանցել է առաջարկը 2.5 անգամ, իսկ կարճաժամկետ պարտատոմսերինը՝ 2.7 անգամ: Մինչեւ մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի գինը/տոկոսադրույքը նախորդ աճուրդների համեմատ նվազել է 1%-ով, իսկ 3-5 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերինը՝ 0.7%-ով: Անդրադառնալով երկրի ֆինանսական շուկային` «Ռենեսան» արձանագրել է բանկային համակարգի իրացվելիության բարձր մակարդակ, ինչի մասին վկայում է Կենտրոնական բանկում /ԿԲ/ առեւտրային բանկերի կողմից ավանդադրված միջոցների ծավալային ցուցանիշը, որը նախորդ շաբաթ կազմել է 89,2 մլրդ դրամ, ինչպես նաեւ ԿԲ-ի կողմից բանկերին տրամադրվող մինչեւ 7 օր մարման ժամկետով ռեպոյի ծավալների նվազման միտումը: «Չնայած օգոստոս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու ընդամենը մեկ միջնաժամկետ պարտատոմսի տեղաբաշխում, մենք կանխատեսում ենք, որ պահանջարկը նվազագույնը 2-2.5 անգամ կգերազանցի առաջարկը, իսկ աճուրդի միջին տոկոսադրույքը կտատանվի 9.5-9.7% սահմաններում», - նշել են ներդրումային ընկերությունում: Tweet Դիտում՝ 13919