Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ՀՀ բանկային հատվածում մի շարք օրենսդրական խնդիրների լուծման անհրաժեշտություն է առաջացրել, այսօր հայտարարել է Հայաստանի բանկերի միության /ՀԲՄ/ նախագահ, “Պրոմեթեյ Բանկի” վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում Էմիլ Սողոմոնյանը հայտնել է, որ ՀԲՄ-ն հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք վերաբերում են բանկային համակարգին առնչվող եւ շարժական գույքի գրավադրման հետ կապված հարկային օրենսդրության կարգավորմանը: “Ներկայումս Հայաստանում չկա շարժական գույքի միասնական կադաստր, ինչը փոխառուներին թույլ է տալիս բանկում գրավադրված ավտոմեքենան առանց խոչընդոտի վաճառել երրորդ անձին”, - ասել է Էմիլ Սողոմոնյանը` ընդգծելով շարժական գույքի միասնական կադաստրի ստեղծման անհրաժեշտությունը` հատկապես վարկերի անվերադարձելիության աճի պայմաններում: Էմիլ Սողոմոնյանը նշել է, որ “չաշխատող” վարկերի 5-6-տոկոսանոց ցուցանիշը բավականին լուրջ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի համար, սակայն ՙդրա հիմքերը չեն խաթարվի՚: Էմիլ Սողոմոնյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները` նշելով, որ դրանք բացառում են դրամի կտրուկ արժեզրկման կրկնության հնարավորությունը: Tweet Դիտում՝ 15171