Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կապիտալի շուկայում պահպանվում է արտարժույթով արտահայտված պարտքային գործիքների թողարկման թույլտվության անհրաժեշտությունը, կարծում են “Արմսվիսբանկի” եւ “Կասկադ Ինվեստմենտս” ներդրումային ընկերության մասնագետները: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “Արմսվիսբանկի” ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը, այս անհրաժեշտությունը ոչ միայն պահպանվում, այլեւ ավելանում է, “քանի որ հավանական ներդրողների մոտ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, բավականին մեծ ծավալի արտարժույթ է կուտակված, որի տեղաբաշխման եկամտաբերությունը միջազգային շուկաներում բավականին ցածր է”: “Մյուս կողմից, հայաստանյան խոշոր ընկերությունները ֆինանսավորման պահանջ են զգում այն առումով, որ ՀՀ դրամով արտահայտված ֆինանսավորման աղբյուրների հնարավորությունները սահմանափակ են”, - ասել է Կարեն Տուրյանը` հավելելով, որ այդ տեսակետից, հաշվի առնելով ներդրողների եւ գործարարների պահանջարկը, արտարժույթով թողարկված պարտքային գործիքների համար բավականին մեծ շուկա է բացվում: “Կասկադ Ինվեստմենտս”-ի ներդրումային մենեջեր Եղիշե Քերոբյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել է, որ արտարժույթով արտահայտված պարտքային գործիքների թողարկման թույլտվության անհրաժեշտությունն առկա է հատկապես դրամի արժեզրկումից հետո: “Հայաստանյան եւ միջազգային ներդրողներն ավելի հետաքրքրված են դոլարային ֆինանսական գործիքներով. միանշանակ է, որ հայկական ընկերություններն ավելի հեշտ կարող են վաճառել ԱՄՆ դոլարով նոմինացված պարտատոմսեր, քան ՀՀ դրամով”, - նշել է Եղիշե Քերոբյանը: Tweet Դիտում՝ 16290