Երեւան /Մեդիամաքս/. Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայում կնքվել են “Ինեկոբանկ” ՓԲԸ պարտատոմսերով (ENECB1) 3.3 մլն դրամ ընդհանուր ծավալի առաջին 2 բորսային գործարքները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի պաշտոնական կայքը, պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.1285%: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “Կապիտալ Ասսեթ մենեջմենթ” ընկերության դիլեր-բրոքեր Ալիկ Առաքելյանը, այն փաստը, որ “Ինեկոբանկի” պարտատոմսերի եկամտաբերությունն առաջին գործարքներում գերազանցել է նախորդինը 0.6 տոկոսային կետով, բնական է, քանի որ ներկայումս ՀՀ պետական պարտատոմսերն ունեն 9.5% եկամտաբերություն: “Բնական է, որ կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունը պետք է գերազանցի պետական պարտատոմսերինը”, - ասել է Ալիկ Առաքելյանը: Պատասխանելով այս ամսվա ընթացքում բորսայական առաջին համեմատական ակտիվության պատճառների մասին հարցին` Ալիկ Առաքելյանն ասել է, որ այն պայմանավորված է իրացվելիության նկատմամբ ներդրողների պահանջարկով: “Ինեկոբանկի” 350 մլն դրամ ընդհանուր ծավալի անվանական զեղչակտրոնային պարտատոմսերը “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի Bbond ցուցակում ներառվել են այս տարվա մայիսի 11-ին: Ցուցակվել են բանկի 7000 պարտատոմսեր` յուրաքանչյուրը 50 000 դրամ անվանական արժեքով, 365 օր մարման ժամկետով եւ տարեկան 9.5% եկամտաբերությամբ: “Ինեկոբանկի” պարտատոմսերի տեղաբաշխողն ու շուկա ստեղծողը “Կապիտալ Ասսեթ մենեջմենթ” ներդրումային ընկերությունն է: “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ում կորպորատիվ պարտատոմսերով կատարված գործարքների ծավալն այսօր կազմել է 19.5 մլրդ դրամ, բաժնետոմսերի հետ գործարքների ընդհանուր ծավալը` 0.4 մլն դրամ: Tweet Դիտում՝ 14333