Երեւան /Մեդիամաքս/. Հուլիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում եւ ընթացիկ շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում կորպորատիվ պարտատոմսերով գործարքներում նկատվում է ընթացիկ տարվա համար աննախադեպ պասիվություն: Անցած շաբաթվա ընթացքում միակ գործարքը կայացել է հուլիսի 6-ին HSBCB1 պարտատոմսերով, այն էլ` ընդամենը 306 հազ. դրամ ծավալով, իսկ այս շաբաթ միակ գործարքը կնքվել է հուլիսի 13-ին նույն պարտատոմսերով` 513 հազ. դրամ ծավալով: «Կարծում եմ, շուկայի պասիվությունը պայմանավորված է հիմնականում նախկին ակտիվության պատճառների հետզհետե վերացմամբ», - հայտնել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին «Կասկադ Ինվեստմենտս»-ի ներդրումային մենեջեր Եղիշե Քերոբյանը: Նրա խոսքերով, առաջին հերթին թուլանում են դոլար/դրամ փոխարժեքի հետ կապված ներդրողների մտավախությունները, ինչը մեծացրել է նրանց վստահությունը դրամով գնահատված պարտատոմսերի նկատմամբ: «Երկրորդ հերթին, պարտատոմսերի շուկայում տոկոսադրույքների նվազումը (գների աճը) և ԿԲ կողմից իրացվելիության ներարկումները պարտատոմսերի սեփականատերերին թույլ են տալիս ստանալ հետաքրքիր եկամուտներ», - ասել է Եղիշե Քերոբյանը, հավելելով, որ նշված գործոնները նպաստել են շուկայում վաճառողների քանակի կտրուկ նվազմանը, ինչը եւ բերել է պասիվության: Ըստ «Կասկադ Ինվեստմենտս»-ի ներդրումային մենեջերի, կարելի է ենթադրել, որ, եթե վերը նշված երկու տենդենցները շարունակվեն, ապա շուկան նորից կակտիվանա, բայց արդեն գնորդների քանակի ավելացման շնորհիվ: «Արմսվիսբանկի» ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների պասիվությունը բացատրում է հիմնականում ֆինանսական շուկայի տարբեր հատվածներում ձեւավորված անհամաչափ տոկոսադրույքներով, ինչը ներդրողներին ստիպում է կորպորատիվ պարտատոմսերի շուկայում պասիվ կեցվածք ընդունել եւ ներդնել իրենց միջոցները գրավիչ այլ գործիքներում: Ըստ Կարեն Տուրյանի, ձեւավորված պասիվությունը հետագայում եւս կպահպանվի: «Կապիտալ Ասեթ մենեջմենթ» ներդրումային ընկերությունում կարծում են, որ նման պասիվությունը պայմանավարված է նաեւ ժամանակի գործոնով. «Ինչպես ցույց են տալիս նախորդ ամիսների դիտարկումները, ամսվա սկզբին շուկայում կնքվող գործարքների ծավալը սովորաբար ավելի փոքր է լինում, քան ամսվա վերջում կնքված գործարքների ծավալը», - ասում է «Կապիտալ Ասեթ մենեջմենթ»-ի ներդրումային խորհրդատու Անի Վարդանյանը: Նրա խոսքերով, նման պասիվությունը կարող է նաեւ հետեւանք լինել նախորդ ամսվա վերջում շուկայում որոշ արժեթղթերի մարքեթմեյքերների հրաժարականով: Հունիսի 29 դադարեցվել է «Արմսվիբանկի»` «Վալլետտա» ՍՊԸ VALTB2 եւ VALTB3 պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակը` «Արմսվիսբանկի» համապատասխան դիմումի հիման վրա: «Կապիտալ Ասեթ մենեջմենթում» կարծում են, որ այս հանգամանքը բացասաբար է անդրադարձել շուկայում կնքվող գործարքների ծավալի եւ շուկայի իրացվելիության վրա: «Վալլետտա» ՍՊԸ պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակի դադարեցման փաստը հիմնականում պայմանավորված է հենց շուկայում գործարքների ծավալի կտրուկ նվազմամբ եւ ներդրողների պասիվությամբ», - հայտնել է «Արմսվիսբանկի» ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը: Նրա խոսքերով, ֆոնդային բորսայում շուկա ստեղծողի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումն ընդունվեց «Վալլետտա» ընկերության հետ համատեղ` ելնելով շուկա ստեղծողի գործառնությունների շրջանակում օգտագործվող ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից: Tweet Դիտում՝ 17359