Երեւան /Մեդիամաքս/. Ֆիզիկական անձանց դրամային ավանդների միջին մեծությունը 2008թ. ավելացել է 26%-ով` կազմելով ավելի քան 242 մլրդ դրամ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում /ԱՀԵՀ/, երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվը /ներառյալ ԽՍՀՄ “Խնայբանկում” հաշիվներ ունեցողները/ 2008 թվականին կազմել է 4 287 000, ինչը 2007թ. ցուցանիշը գերազանցում է 136 829-ով: Հիմնադրամում նշել են, որ 2008 թվականին ԱՀԵՀ միջոցները հիմնականում ներդրվել են պետական պարտատոմսերում (95,68%), ՀՀ Կենտրոնական բանկի պարտատոմսերում (3,47%) եւ ԿԲ-ում` ավանդների եւ հաշիվների տեսքով (0,85%): Գերմանիայի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող համակարգի ամրապնդման ծրագրի իրականացման նպատակով տրամադրված 3,5 մլն եվրո վարկը որպես ավանդ ներդրվել է ՀՀ ԿԲ-ում: 2008 թվականին ավանդների միջին օրական ցուցանիշը կազմել է 169,812.83 մլն դրամ, իսկ հիմնադրամի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների թույլատրելի մեծությունը կազմել է 50,943.85 հազ. դրամ: Հիմնադրամի փաստացի ծախսերը եւ կապիտալ ներդրումները կազմել են թույլատրելի մեծության շուրջ 42%-ը: Նշենք, որ հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը եւ կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել երաշխիքային վճար կատարող բոլոր բանկերի` նախորդ տարվա բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.03%-ը: Tweet Դիտում՝ 12187