Երեւան /Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի հանրապետության /ԼՂՀ/ տնտեսական զարգացումը Հայաստանի համար պետք է առաջնահերթություն դառնա: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ստեփանակերտում հանդես գալով Bridge Artsakh "Պետություն եւ բիզնես. երկխոսությունից գործընկերության" տնտեսական ֆորումում: Վարչապետի խոսքերով, Լեռնային Ղարաբաղում կենսամակարդակը պետք է ավելի բարձր լինի, քան Հայաստանում: ԼՂՀ տնտեսության զարգացման կարեւորագույն ուղղությունների թվում Տիգրան Սարգսյանը ագրարային հատվածին եւ վերամշակման արդյունաբերությանը զուգահեռ նշել է զբոսաշրջությունը: Նա նշել է, որ այսօր ԼՂՀ-ն պատրաստ չէ մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունել, եւ ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միությանն առաջարկել է մշակել Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման ծրագիր: Տիգրան Սարգսյանը ՀՀ գործարար շրջանակների ներկայացուցիչներին կոչ է արել ուշադիր ուսումնասիրել ԼՂՀ գործարար միջավայրը: Tweet Դիտում՝ 12034