“Հայէկոնոմբանկը” 2008թ. արդյունքներով դիվիդենտներ կվճարի
12.06.2009 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” կարողացել է հաղթահարել ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ առաջ է ընթանալու վստահ քայլերով, հայտարարել է բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր Երեւանում հանդես գալով “Հայէկոնոմբանկի” բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում` Դավիթ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել բաժնետերերին, որ “ճգնաժամի պայմաններում նրանք խուճապի չեն մատվել եւ կարողացել են իրենց ջանքերն ուղղել բանկի վարկային պորտֆելի որակի պահպանմանը”:
Խոսելով բանկի 2008թ. ցուցանիշների մասին` Դավիթ Սուքիասյանը տեղեկացրել է, որ ակտիվները 2007թ. համեմատ կրճատվել են 0.7%-ով` կազմելով 49 մլրդ 913,1 մլն դրամ:
“Բանկի բարձր իրացվելիությամբ ակտիվների եւ ցպահանջ ակտիվների հարաբերակցությունը 2008թ. արդյունքներով կազմել է 120-130%, մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից այդ ցուցանիշի թույլատրելի նվազագույն մակարդակը կազմում է 60%”,- ասել է Դավիթ Սուքիասյանը` դա բացատրելով երկրի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության արդյունքում բանկի վարած զսպված վարկային քաղաքականությամբ: Արդյուքնում, Դավիթ Սուքիասյանի խոսքերով, բանկի վարկային պորտֆելը 2008 թվականին կրճատվել է 3.1%-ով` կազմելով 27 մլրդ 059,4 մլն դրամ:
Դավիթ Սուքիասյանի խոսքերով, ժամկետանց եւ երկարացված վարկերի մասնաբաժինը նախորդ տարվա արդյունքներով կազմել է, համապատասխանաբար, 0.31% եւ 0.66%: Նա նաեւ հայտնել է, որ “Հայէկոնոմբանկը” 2008 թվականը եզրափակել է 517,8 մլն դրամ շահույթով: Բանկի պարտավորություններն անցյալ տարվա արդյունքներով կրճատվել են 1.3%-ով` կազմելով 41 մլրդ 278,4 մլն դրամ:
Խոսելով հաճախորդների նկատմամբ բանկի պարտավորությունների մասին` վարչության նախագահը տեղեկացրել է, որ 2008թ. արդյունքներով բանկում բնակչության ժամկետային ավանդների ծավալը կազմել է շուրջ 5 մլրդ դրամ` 2007թ. համեմատ կրճատվելով 0,2 մլրդ դրամով: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով բնակչության ժամկետային ավանդներն ավելացել են 0,4 մլրդ դրամով: Բանկի ընդհանուր կապիտալը, նրա խոսքերով, անցյալ տարի աճել է 2.6%-ով` կազմելով 8 մլրդ 634,7 մլն դրամ:
Դավիթ Սուքիասյանն ասել է, որ 2008 թվականին բանկի հաճախորդների թիվը 62.7 հազարից նվազել է մինչեւ 53 հազար, սակայն 2009թ. ընթացքում բանկի նոր ծառայությունների շնորհիվ հաճախորդների թիվն ավելացել է 18 հազարով:
Խոսելով այս տարվա առաջին հինգ ամիսների գործունեության արդյունքների մասին` Դավիթ Սուքիասյանն ասել է, որ եթե 2008 թվականին վարկային պորտֆելում գերակշռում էին սպառողական վարկերը, ապա այս տարի վարկային պորտֆելի 60%-ը կազմում են բիզնես, իսկ 40%-ը` սպառողական վարկերը: Նա կարծիք է հայտնել, որ տարվա վերջում բիզնես վարկերի տեսակարար կշիռը վարկային պորտֆելում կկազմի 65-70%:
“Հայէկոնոմբանկի” վարչության նախագահը հայտնել է նաեւ բանկի քաղաքականության վերանայման մասին հօգուտ վարկավորման ընդլայնման` կարծիք հայտնելով, որ մինչեւ ընթացիկ տարեվերջ բանկի վարկային պորտֆելը կավելանա 28-30 մլրդ դրամով:
Բանկի գլխավոր հաշվապահ Վահրամ Բաբայանը տեղեկացրել է, որ “Հայէկոնոմբանկի” ընդհանուր կապիտալի բացարձակ արժեքի աճի արդյուքնում բանկի բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը 2008թ. արդյունքներով աճել է 231 դրամով` կազմելով 9251,4 դրամ, մինչդեռ դրանց անվանական արժեքը 2500 դրամ է: Վահրամ Բաբայանը հայտարարել է բաժնետերերին բաժնետոմսերի անվանական արժեքի 10%-ի չափով դիվիդենտներ վճարելու` բանկի որոշման մասին (մեկ բաժնետոմսի դիմաց 250 դրամ):
“Հայէկոնոմբանկի” խորհրդում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ ներկայացուցիչ Իրակլի Մեկվաբաշվիլին նշել է այն հանգամանքի կարեւորությունը, որ բանկը բաժնետերերին դիվիդենտներ է վճարում ճգնաժամի պայմաններում` նշելով, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է աջակցել “Հայէկոնոմբանկին” ռիսկերի կառավարման բարելավման, ակտիվների ծավալի ու վարկային պորտֆելի պահպանման գործում: Նա նշել է նաեւ բանկի ծախսերի օպտիմալացման եւ գործունեության որակին մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:
Բաժնետերերի տարեկան ժողովին ներկա ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն ընդգծել է “Հայէկոնոմբանկի” կարեւոր տեղն ու համակարգ ձեւավորող դերը ՀՀ բանկային հատվածում` նշելով, որ “բանկի կողմից դիվիդենտների վճարումը վկայում է նրա կայուն զարգացման մասին”:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: