Երևան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Համաշխարհային բանկի /ՀԲ/ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը այսօր վարկային համաձայնագիր են ստորագրել «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի երկրորդ մասի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, փաստաթղթի ստորագրմանը Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ վարկի ընդհանուր ծավալը կազմելու է $25 մլն: Նրա խոսքերով, վարկային այս ծրագիրն ունի երկու բաղադրիչ` միջնակարգ կրթության որակի բարելավում եւ բարձրագույն կրթությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնող բարեփոխումներ: ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարն ասել է, որ ծրագրի շրջանակներում ՀՀ միջնակարգ դպրոցների 8750 աշակերտներ հնարավորություն կստանան բարձրացնել իրենց կրթության որակը եւ առանց լրացուցիչ ուսուցման կընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ: Բացի դրանից, 2750 ուսուցիչներ եւ 150 տնօրեններ վերապատրաստման դասընթացներ կանցնեն եւ կձեւավորեն դպրոցական ցանց, իսկ հեռավոր շրջանների 400 դպրոցներ կապահովվեն ինտերնետով եւ անհրաժեշտ տեխնիկայով: Արիստոմենե Վարուդակիսն ասել է, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում այս վարկային ծրագիրը Հայաստանին թույլ կտա համարձակորեն բարեփոխումներ իրականացնել կրթության ոլորտում: Tweet Դիտում՝ 11329