Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այսօր Ազգային Ժողովի քնարկմանն է ներկայացրել Հայաստանին $500 մլն-ի չափով պետական վարկ տրամադրելու մասին հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը: Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով, 4 տարի արտոնյալ ժամկետով: Մարման տոկոսադրույքը կազմելու է LIBOR+3%: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը,ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Արա Նռանյանը կարծիք է հայտնել, որ LIBOR+3%-ը բարձր տոկոսադրույք է, իսկ վարկն ավելի շուտ առեւտրային է, այլ ոչ թե կայունացնող: Այդ կապակցությամբ Տիգրան Դավթյանը նշել է, որ տարեկան կտրվածքով տոկոսները կազմելու են շուրջ $20 մլն, իսկ Հայաստանն ունի անհրաժեշտ վճարունակություն: Ֆինանսների նախարարն ասել է նաեւ, որ նման վարկային պայմանները համաշխարհային ֆինանսական շուկայում գնահատվում են որպես “մեղմ”: Տիգրան Դավթյանն ասել է, որ ռուսաստանյան վարկն արձանագրվելու է որպես լրացուցիչ մուտք պետբյուջե: Միջոցներն ուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսավորմանը, Սպիտակի երկրաշարժի գոտում վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, “Նաիրիտ” քիմիական գործարանին ուղղակի վարկերի տրամադրմանը: Պատգամավորները մտահոգություն են հայտնել այն բարձր տոկոսադրույքների կապակցությամբ, որոնք առեւտրային բանկերը կիրառում են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար: Տիգրան Դավթյանը նշել է, որ այդ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ այն մտադիր է միջոցներ ձեռնարկել տոկոսադրույքների զգալի նվազեցման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 9770