“Ռենեսան” ներդրողներին խորհուրդ է տալիս միջոցներն ուղղել կարճաժամկետ պետական պարտատոմսերի շուկա
27.05.2009 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Ռենեսա” ներդրումային ընկերությունը ներդրողներին խորհուրդ է տալիս վերանայել իրենց պորտֆելները եւ միջոցներն ուղղել կարճաժամկետ պարտատոմսերի շուկա:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Ռենեսա”-ում, այդ խորհուրդը պայմանավորված է այն կանխատեսումներով, որ առաջիկա ամիսներին կարճաժամկետ պարտատոմսերի շուկայում սպասվում է եկամտաբերության անկում:
ՀՀ ֆինանսների նախարարությունն նախորդ շաբաթվա ընթացքում կատարել է կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման մեկ աճուրդ (AMGT52185103), միջնաժամկետ պետական պարտատոմսերի տեղաբաշխման երկու աճուրդ (AMGN36052110 եւ AMGN60052135), ինչպես նաեւ երկարաժամկետ պետական պարտատոմսերի գնման մեկ աճուրդ (AMGB08203157):
“Միաժամանակ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել կարճաժամկետ պարտատոմսերի նկատմամբ, ինչը վկայում է այդ պարտատոմսերի բարձր եկամտաբերության մասին եւ արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից պորտֆելների վերանայման մասին”,- նշել են “Ռենեսա” ընկերությունում:
ՀՀ Կենտրոնական բանկը հետեւողականորեն իրականացնում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն` վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման եւ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում ակտիվորեն գործարքներ կնքելու միջոցով լրացուցիչ իրացվելիություն ներմուծելու միջոցով. նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն անցկացրել է գնման 3 աճուրդ, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 501 մլն 663 հազ. դրամ:
“Ռենեսա” ընկերությունում կարծում են, որ ԿԲ-ը հավատարիմ է մնալու ընդլայնողական դրամավարկային քաղաքականությանը եւ հետեւողականորեն իջեցնելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` դրանով նպաստելով իրացվելիության ծավալի աճին, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության իրական հատվածի վրա:
Խոսելով արժութային շուկայի մասին` ներդրումային ընկերությունում նշել են, որ առաջիկա ամիսներին ակնկալվում է դրամի ամրապնդում, քանի որ ներմուծումը շարունակելու է կրճատվել, իսկ սեզոնային ազդեցություններ արժույթի վրա չեն լինի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: