Երեւան /Մեդիամաքս/. Համահայկական բանկի ստեղծման հարցերը քննարկվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին Երեւանում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, ՀԱՄՀ որոշումների ներքո Համահայկական բանկն ապահովելու է համահայկական նշանակության այնպիսի նախագծերի ֆինանսավորում, որոնք պարունակում են նորարարության տարրեր եւ իրականացվում են համահայկական ցանցի անդամների կողմից աշխարհի ցանկացած կետում: Խորհրդի անդամները հաստատել են առողջապահության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներին վերաբերող ռազմավարական ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումների ցանկը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ համաշխարհային տնտեսական իրավիճակի վերջին զարգացումներին եւ Հայաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումներին` ուղղված այդ պայմաններում Հայաստանի մրցունակության կայուն զարգացման ապահովմանը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, “Տրոյկա Դիալոգ” ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը, McKINSEY & Co. Մյունխենի գրասենյակի տնօրեն Անդրե Անդոնյանը, “Wolters Kluwer Pci” ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Ֆեստեկջյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Tweet Դիտում՝ 13792