Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2009 թվականին տնտեսական անկումը կկազմի 7-8%, այսօր Երեւանում հայտարարել է ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, հանդես գալով այսօր Երեւանում կայացած միջազգային տնտեսական ֆորումում` Վաչե Գաբրիելյանը ՀՀ տնտեսության կազդուրման դանդաղ տեմպը բացատրել է նրանով, որ Հայաստանին միջազգային կառույցների կողմից տրամադրված վարկային միջոցները դժվարությամբ են մտնում տնտեսության իրական հատված` տնտեսվարող սուբյեկտների սպասումների հետեւանքով: Ֆորումին ներկա ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հանդես է եկել իշխանությունների քննադատությամբ` համաշխարհային տնտեսության միտումներին “ուշ արձագանքելու” համար: Նրա խոսքերով, հայաստանյան տնտեսության մեջ առաջին դրական փոփոխությունները “լավագույն դեպքում” տեղի կունենան 2011 թվականին: “Հայաստանյան տնտեսության կազդուրման համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ եւ կառավարության հստակ հակաճգնաժամային ծրագիր առանց այնպիսի “պատրանքային” ծրագրերի, ինչպիսիք են տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ստեղծումը կամ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը՚,- ասել է Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, Կենտրոնական բանկի քաղաքականությունը պետք է առավելագույնս թափանցիկ լինի տնտեսական սուբյեկտների համար, “իսկ ճգնաժամը ԿԲ-ին պարզապես պարտավորեցնում է հրաժարվել սղաճի թիրախավորման քաղաքականությունից”: Tweet Դիտում՝ 14183