Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում ընթացող ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների խորհրդի նիստում Հայաստանը ներկայացրել է սթրես-թեստավորում անցկացնելու, սթրես-սցենարների մշակման եւ հնարավոր ռիսկերի գնահատման իր մեթոդիկան: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Կարինե Մինասյանը: “Քանի որ ՀՀ ֆինանսական հատվածը չի զգացել համաշխարհային ճգնաժամի լուրջ հետեւանքները, մենք հնարավորություն ենք ունեցել շատ լրջորեն զարգացնել ֆինասնական կայունության գնահատման մեր մեթոդիկան”,- նշել է Կարինե Մինասյանը: Նրա խոսքերով, անտեղին կլիներ խոսել ՀՀ արժեթղթերի շուկայի վրա համաշխարհային ճգնաժամի լուրջ ազդեցության մասին, քանի որ ՀՀ ՀՆԱ նկատմամբ այդ շուկայի հարաբերակցությունը կազմում է ընդամենը 1.5%, ինչը շատ ավելի ցածր է, քան ԱՊՀ մի շարք երկրներում: “Այսպիսով, ՀՀ արժեթղթերի շուկայի վրա ճգնաժամի հիմնական ազդեցությունը դրա զարգացման դանդաղումն է ներդրողների ոչ բավարար քանակի պատճառով”,- ասել է Կարինե Մինասյանը: Նա նշել է, որ ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների խորհրդի նպատակը Համագործակցության երկրների արժեթղթերի շուկայում միասնական ինտեգրացիոն դաշտի ձեւավորումն է, ապագայում ներդրումային ընկերությունների գործունեության համար միասնական հարթակի ստեղծումը, ինչպես նաեւ համահունչ օրենսդրությունների մշակումը, որպեսզի ԱՊՀ երկրների ֆոնդային շուկաների մասնակիցները Համագործակցության շուկաներում կարողանան գործել առանց լուրջ սահմանափակումների: Tweet Դիտում՝ 12831