Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր “հիասքանչ” է անվանել “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի անցկացաման “Մեդիամաքսի” նախաձեռնությունը: “Մենք բարձր ենք գնահատում այդ նախաձեռնությունը եւ անմիջապես արձագանքեցինք դրա իրագործմանը մասնակցություն ունենալու առաջարկին, քանի որ այն համահունչ է կառավարության ծրագրերին”,- ասել է ՀՀ վարչապետը` այսօր “Էրեբունի Պլազա” բիզնես կենտրոնում հանդես գալով մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը: Վարչապետը կարեւորել է նման նախաձեռնությունները, որոնք, ըստ նրա, համահունչ են կառավարության ծրագրերին եւ նպատակ ունեն խրախուսելու հետազոտական աշխատանքները երիտասարդության շրջանում: “Դա մեզ համար էական եւ հիմնարար սկզբունք է` այն առումով, որ եթե 21-րդ դարը լինելու է մտագործունեության դար, ապա այն ազգերն են ունենալու հարաբերական մրցակցային առավելություն, որոնք կկարողանան իրենց ներսում բացահայտել ինտելեկտուալ ներուժ, վերլուծական կարողություններ, ձգտում դեպի գիտությունը, գիտելիքը, ինքնուրույն ձեւակերպել պրոբլեմները, խնդիրները եւ լուծումներ գտնել այդ խնդիրներին, առաջին հերթին` հետազոտական կարողությունները զարգացնելով: “Մեդիամաքս”-ի այս նախաձեռնությունը հենց այդպիսի խթաններ է ստեղծում, որովհետեւ երիտասարդները հնարավորություն ունեն ամենաբարձր մակարդակով ներկայացնելու իրենց մտորումների արդյունքները, եւ դա, բնականաբար, խրախուսվում է պետության կողմից, հետաքրքրություն է առաջացնում հետազոտական աշխատանքների նկատմամբ: Իհարկե, ցանկալի է, որ այս օրինակը լինի վարակիչ, որպեսզի շատ երիտասարդներ ցանկություն ունենան զբաղվելու հետազոտական աշխատանքներով: Կարծում եմ, որ այս ձեռնարկն այդպիսի լուրջ խթան է պարունակում, եւ մասնավոր հատվածի այլ գործընկերներ նույնպես կնախաձեռնեն նման կարեւոր միջոցառումներ, որոնք եւս կստանան պետության աջակցությունը”, - ասել է վարչապետը: Խոսելով ուսանողական աշխատանքների բովանդակության մասին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ “հաճույքով պետք է նշեմ, որ նրանց մեջ կան շատ հասուն առաջարկություններ, եւ կարծում եմ, որ ուսանողներն այսօր վաստակել են իրենց մրցանակները”: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” մրցույթի կազմակերպումը պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության լավ օրինակ է: “Մեդիամաքս” լրատվական գործակալության այս նախաձեռնությունն արժանացել է համակողմանի աջակցության ԿԲ-ի կողմից, քանի որ այն համահունչ է հասարակության ֆինանսական կրթվածության բարձրացմանն ուղղված մեր կրթական ծրագրերին”,- ասել է ԿԲ-ի ղեկավարը: Իրենց ելույթներում “Մեդիամաքս” գործակալությանը շնորհավորեցին նաեւ մրցույթի գործընկեր ընկերությունների ղեկավարները` Telcell վճարային համակարգի տնօրեն Արամ Ազատյանը, “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի փոխտնօրեն եւ բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը, “Լիկվոր” դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը եւ “Արմենբրոկ” ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: Արարողության ավարտին առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները Տիգրան Սարգսյանի եւ Արթուր Ջավադյանի ներկայությամբ ներկայացրեցին ճգնաժամի հետեւանքների հաղթահարման իրենց առաջարկությունները: Tweet Դիտում՝ 13456