ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալությունը (USAID) եւ ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ այսօր Երեւանում հավաստագրեր են հանձնել ակտուարների նախապատրաստման հիմնական դասընթացի 12 շրջանավարտների: Դասընթացը անց է կացվել USAID-ի Ֆինանսական հատվածի զարգացման ծրագրի (FSDP) կողմից` “Միացյալ Թագավորության ակտուար մասնագիտություն” ծրագրի եւ ՀՀ ԿԲ-ի հետ համագործակցությամբ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալուլթունը, հավաստագրերի հանձնման միջոցառմանը FSDP-ի կենսաթոշակային եւ ապահովագրության հարցերով խորհրդատու Ռիչարդ Վեբը տեղեկացրել է, որ դասընթացն անց են կացրել մասնագետներ Մեծ Բրիտանիայից` հավելելով, որ ուսումնական պլանն ու քննությունները հիմնված են եղել միջազգային չափանիշների վրա: Հիմնական դասընթացի հաջող ավարտը անհրաժեշտ նախապայման է ընդլայնված դասընթացի համար, որն արդեն մեկնարկել է եւ ավարտվելու է 2010 թվականին: Հիմնական դասընթացի շրջանավարտները կարող են ստանալ ապահովագրական ընկերություններում ակտուար գործունեություն ծավալելու ԿԲ արտոնագիր: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ USAID-ի ՀՀ տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Ռալֆ Անդերսոնը: Նա ընդգծել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում առաջին ակտուարների հայտնվելու կարեւորությունը` հավելելով, որ ճգնաժամի պատճառներից մեկը հանդիսացել է հենց ռիսկերի սխալ գնահատումը: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը շնորհավորել է շրջանավարտներին` նշելով, որ ակտուար գործունեությունը ապահովագրության հիմնական բաղադրիչներից մեկն է: Նա նշել է, որ արհեստավարժ ակտուարների նախապատրաստման գործընթացը շարունակական բնույթ է կրելու, “քանի որ հայաստանյան շուկայում կա այդ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ”: Tweet Դիտում՝ 12087