Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ-ում վարկավորման ծավալը 2009թ. մարտին կազմել է շուրջ 52 մլրդ դրամ, մինչդեռ 2008թ. մարտին նույն ցուցանիշը կազմում էր 70 մլրդ, այսօր ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր հանդես գալով Երեւանում կայացած մամլո ասուլիսում, Արթուր Ջավադյանը նշել է, որ վարկավորման ծավալի կրճատման պատճառներ են հանդիսանում ինչպես բանկերի զգուշավորությունը, այնպես էլ փոխառուների` արտարժույթով վարկեր չվերցնելը: “Քանի որ հիմնական պահանջարկը վերաբերում է դրամով տրվող վարկերին, իսկ դրամային ավանդների տեսակարար կշիռը ՀՀ բանկային համակարգում կազմում է ընդամենը 27%, բանկերը ստիպված են բարձրացնել դրամով տրվող վարկերի տոկոսադրույքները”,- ասել է Արթուր Ջավադյանը: Նա վստահություն է հայտնել, որ վարկավորման ակտիվացմանը կնպաստեն Հայաստանին միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցները, ինչպես նաեւ ԿԲ-ի անցումn ընդլայնված դրամավարկային քաղաքականությանը: Պատասխանելով ընդյալնված դրամավարկային քաղաքականությանը ԿԲ-ի անցման լույսի ներքո բանկային տոկոսադրույքների հնարավոր փոփոխությունների մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Արթուր Ջավադյանն ասել է, որ տոկոսադրույքների կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: “Վերաֆինանսավորման տոկոսադրույքների իջեցումը, իհարկե, խթան է վարկային տոկոսադրույքների համար, սակայն բանկերը պետք է հաշվի առնեն նաեւ համաշխարհային ճգնաժամի եւ հնարավոր ռիսկերի գործոնը”,- ասել է Արթուր Ջավադյանը` նշելով, որ ներկայումս ՀՀ-ում ՙվատ՚ վարկերի մասնաբաժինը կազմում է 8%, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Tweet Դիտում՝ 14469